ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կտրամադրի 800 միավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանվել ռուսական օդանավերից և հրթիռներից:
Բացի այդ, Միացյալ Նահանգներն ուկրաինական բանակին կտա 9 հազար հակատանկային շարժական համակարգեր, անօդաչուներ և նռնականետեր:
«Դա կարող է լինել երկարատև և դժվար պայքար, բայց ամերիկացի ժողովուրդն անվերապահորեն կշարունակի սատարել Ուկրաինային խաղաղ բնակչության վրա Պուտինի անբարո և անպարկեշտ հարձակումից պաշտպանվելու գործում», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ամենաարդիական զենքը կուղարկի Ուկրաինա:
«Մենք դա մենակ չենք անում, մեր դաշնակիցները և գործընկերները նույնպես ակտիվացրել են Ուկրաինային անվտանգության հարցում աջակցելու ջանքերը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը և ավելացրել, որ առաջիկայում մատակարարումների ծավալը կավելանա: