Մատչելիության հղումներ

Փաշինյանը չցանկացավ գնահատական տալ Արցախում ադրբեջանցիների գործողություններին


Վարչապետ Փաշինյանն այսօր չցանկացավ գնահատական տալ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ Ադրբեջանի չդադարող կրակոցներին։ Հայաստանի ու Արցախի սահմանները վերջին օրերին ադրբեջանական կրակի տակ են։

Կառավարության նիստում Հայաստանի ղեկավարը հպանցիկ անդրադարձավ հարցին. - «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակում էր երեք օր առաջ, որի հետևանքով հայ զինծառայող զոհվեց, մեկն էլ վիրավորվեց։ Երրորդն օրն է՝ ամբողջ Արցախը զրկված է գազից։ Ադրբեջանցիները պահանջում են, որ արցախցիները լքեն Խրամորթը, գյուղի ուղղությամբ կրակում են ականանետերից։ Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում։

«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ: Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ: Այսինքն՝ այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», - ասաց Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարը զոհի ու վիրավորի մասին այսօր չխոսեց։ Խոսեց առաջիկայում սպասվող իր ռուսաստանյան այցի մասին։ Ֆրանսիայից երեկ վերադարձած Փաշինյանը կարևորեց, որ սպասվող այցը բարձր մակարդակով կազմակերպեն. - «Այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ացը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»:

Տարածաշրջանում հնարավոր լարվածության մասին երեկ խոսեց Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական համաժողովում։ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ ռուս ուկրաինական պատերազմը Հայաստանի ու տարածաշրջանի համար հետեւանքներ կունենա։ - «Մենք այդ մասին խոսել ենք պարոն վարչապետի հետ, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, ակնհայտորեն անհետևանք չէ մնացած տարածաշրջանի համար, և անհետևանք չէ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Հետևաբար մենք ծայր աստիճան աչալուրջ ենք։ Այժմ պատերազմն այստեղ է, և ես այստեղ ընդգծում եմ՝ պատերազմը, որը վերադարձավ Եվրոպա ռուսական ագրեսիայով, չպետք է պատճառ դառնա, որ մենք մոռանանք մյուս պատերազմները և անկայության մյուս վայրերը»։

Թե ինչ հետևանքների մասին է խոսքը, ո'չ Ֆրանսիայի նախագահը մանրամասնեց երեկ, ո'չ էլ այսօր Հայաստանի ղեկավարը։

Ի՞նչ են նշանակում այդ հետևանքները, տնտեսական բնույթի՞ են, թե՞ Հայաստանին ու Արցախին սպառնացող պատերազմի վտանգ էլ կա։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Արցախում այս օրերին ադրնբեջանցի զինվորականների ակտիվացումը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է համարում. - «Այո, ես գտնում եմ, որ Ադրբեջանը գտնում է, որ հիմա ինքը իրեն կարող է շատ ավելին թույլ տալ Արցախում, առանց ռուսական կոշտ հակազդեցության, քան մինչև փետրվարի 24-ն էր։ Եվ դրա հիմքում, իմ գնահատմամբ, ընկած է Թուրքիայի բավականաչափ չեզոք-դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը զրո ցանկություն ունի այս կամ այն պատճառով որևէ լարվածություն առաջ բերել ռուս-թուրքական հարաբերություններում այս պահին, հենց այսօր։ Իսկ բոլորս ենք հասկանում, որ ցանկացած կոշտ պատասխան Ադրբեջանին Արցախում, որը տեսականորեն կարող է հանգեցնել նաև զոհերի ադրբեջանական զինված ուժերի շրջանում, չի կարող բացասաբար չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա»։

Բենիամին Պողոսյան
Բենիամին Պողոսյան

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի այսօրվա զուսպ խոսքը, հակառակորդի գործողություններին գնահատականներ չտալը, ըստ քաղաքագետի, ուղերձ էր արցախցիներին. - «Վարչապետը հայտարարեց, որ խուսափում է գնահատականներ տալուց։ Իմ գնահատմամբ, սա ուղերձ է արցախահայերին, որ անվտանգային խնդիրների հետ կապված Հայաստանի Հանրապետությունը իր ձեռքերը լվացել է, Հայաստանի Հանրապետությունից ոչինչ մի ակնկալեք։ Կենցաղային լեզվով ասած՝ փորձեք ինքներդ ձեր գլխի ճարը տեսնել»։

Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր պատրաստ չէր արձագանքնել Ֆրանսիայի նախագահի մռայլ կանխատեսումներին։

Իշխող խմբակցությունից մեկնաբանեց արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանին սպառնացող հետեւանքները միայն տնտեսական ու հումանիտար բնույթի են, պատերազմի սպառնալիք չկա. - «Չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող ա լինի դետոնատոր տարածաշրջանային ավելի լայն պատերազմի համար»։

XS
SM
MD
LG