Մատչելիության հղումներ

Ջասթին Թրյուդո. «Ուկրաինացիներն առյուծի խիզախությամբ են կռվում Պուտինի դեմ»


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեկ Տորոնտոյում ուղղափառ եկեղեցում հանդիպել է կանադաբնակ ուկրաինացիների համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ուկրաինայի բախտը չբերեց, որ Պուտինն ընտրեց պատերազմի ուղին, բայց աշխարհի բախտը բերեց, որ առյուծների նման խիզախ ուկրաինացիները կանգնեցին Պուտինի դեմ և կռվում են: Եվ այդ կռվով նրանք բոլորիս հիշեցնում են մեր պարտքի մասին»,- ասել է Ջասթին Թրյուդոն:

Նրա խոսքով, Արևմուտքն այսօր աննախադեպ կոշտ սանկցիաներ է սահմանում, և դրանք ավերիչ հարվածներ են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը:

Թրյուդոյի փոխանցմամբ, վերջին տարիներին արդեն հասկանալի էր դառնում, թե ինչ տեղի կունենա: Խոսքը ոչ միայն Ուկրաինայի վրա ռուսների հարձակման, այլև ընդհանրապես աշխարհում դեմոկրատիայի մասին է, որը վերջին շրջանում սկսել է նահանջել:

Տարբեր երկրներում իշխանությունը գրավել են ավտորիտար ղեկավարներ, տարբեր երկրներում թույլ են տվել սոցցանցերում և մամուլում կեղծիքներ և ստեր տարածել, և այդպես մարդկանցից շատերին տրամադրել են դեմոկրատական արժեքների և սկզբունքների դեմ:

«Եվ այդ ամենի արդյունքում Պուտինը համոզվել է, որ կարող է անել ինչ անել, որ Ուկրաինայի հետ կարող է իր ուզածով վարվել: Բայց նա սարսափելի սխալ է գործել, նա թերագնահատել է երկիրը պաշտպանելու ուկրաինացիների վճռականությունը և Ուկրաինային պաշտպանելու աշխարհի պատրաստականությունը, նա երբեք դա չի պատկերացրել»,- ասել է Կանադայի վարչապետը:

XS
SM
MD
LG