Մատչելիության հղումներ

Ըստ Ուկրաինայում հայերի միության՝ հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, տարհանում չի արվում


Դեսպանությունը վաղ առավոտից մշտական կապի մեջ է Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ, հայտարարում է Կիևում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, որն իր պաշտոնական կայքում ու սոցցանցերում հեռախոսահամարներ է հրապարակել՝ քաղաքացիներին խնդրելով կապվել ու տեղեկություններ հայտնել նրանց գտնվելու վայրի և վիճակի մասին։ Դեսպանատունը դեռևս չի հայտարարում Հայաստանի քաղաքացիներին տարհանելու մտադրության մասին։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն «Ազատությանը» միայն փոխանցեց, որ Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ, շարունակաբար ուսումնասիրում են իրավիճակը և համապատասխան որոշումներ են կայացնում: Թե ինչ որոշումներ են դրանք, արտաքին գերատեսչության խոսնակը չի մանրամասնում։

Ուկրաինայում հայերի միության տվյալներով՝ հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

«Լուգանսկի մարզում կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմինները էվակուացիա են հայտարարել, կազմակերպված էվակուցիա կոնկրետ հայերի մոտ դեռ չկա, որովհետև ես ամեն րոպե կապի մեջ եմ բոլոր համայնքի ղեկավարների հետ», - «Ազատությանն» ասաց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:

Ուկրաինայում ապրում է շուրջ 400 հազար հայ, որոնց կեսը այդ երկրի քաղաքացիներ են։ Կապի խաթարումների պատճառով «Ազատությունը» դժվարությամբ է կարողացել կապ հաստատել ուկրաինական տարբեր քաղաքներում բնակվող հայերի հետ։

Ռուբեն Մակարյանն ասում է՝ ռազմական ակտիվ գործողությունների մեջ հայտնված Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ապրող հայերի շրջանում, բնականաբար, ևս խուճապ կա, բայց դեռ կազմակերպված տարհանում չկա։ Մակարյանը այժմ Կիևում է, որտեղ ևս հարձակումներ են տեղի ունեցել, ասաց` մարդիկ համատարած լքում են քաղաքը, բայց հայերի շրջանում դեռևս սպասողական վիճակ է. «Այս պահին ամբողջ պերիմետրով Դոնեցկի, Լուգանսկի մարզերի ռազմական գործողություններ են ակտիվ ընթանում: Կա բնական խուճապ ժողովրդի մոտ, առաջին ալիքը պանիկայի, շոկի, որը նորմալ է, տրամաբանական է, որ պետք է այդպես էլ լիներ»:

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը փոխանցեց՝ մայրաքաղաքում անհանգիստ է, առավոտյան ռմբակոծվել է քաղաքի կենտրոնից ընդամենը 25 կիլոմետր հեռու գտնվող ռազմական օդանավակայանը. «Նույն ձևով Կիևում էլ է արդեն կատարվում նույն բանը` ռմբակոծել են ռազմազինվորական աերոդրոմը, այնտեղ ուրիշ օբյեկտներ էլ զինվորական նշանակության: Քաղաքի մեջ կոնկրետ ոչինչ չկա»:

Ուկրաինայի հայերի միությունը մի քանի օր առաջ հայտնել էր, որ ունեն տարհանման հստակ պլան։ Միության ներկայացուցիչ Մակարյանի խոսքով` որ պահին տարհանման խնդիր առաջացավ, այն կիրագործվի անպայման։ Բայց խնդիր է այն, թե ուր կարող են գնալ։ Հայաստան չեն կարող գալ, օդային ճանապարհը փակ է։ «Միայն Եվրոպայի կողմով կարելի է հասնել Հայաստան: Խոսքը վերաբերում է ռազմական ակտիվ գոտուց հեռո», - նշեց կա:

Մակարյանը նկատում է՝ արդեն 8 տարի բախումների կիզակետում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի հայերն ամենապատրաստվածն են տարհանման և այլ հարցերի առումով։ Ռուսական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի հայերի հետ առավոտյան էր զրուցել. «Անհամեմատ հանգիստ է, որովհետև արդեն ռազմական գործողություններն այդ տարածքից ձգվել են դեպի Ուկրաինայի ենթակա տարածքներ, այսինքն` այն կողմում հանգիստ է»:

Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանն էլ փոխանցեց՝ մայրաքաղաքում մեծ հերթեր են բանկերի առջև, շատերն են շարժվում են դեպի արևմուտք՝ ճանապարհները խցանված են։ Իրենք դեռևս չեն շտապում դուրս գալ քաղաքից. «Աշխատում ենք, հլը որ ամեն ինչ նորմալ է, ինչ կլինի` դեռ չգիտենք»:

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի ծնողները Խարկովում են բնակվում։ Պատմեց՝ բոլոր բնակիչները, այդ թվում և իր ծնողները, իջել են ապաստարաններ. «Օդային տագնապ եղավ հրթիռակոծության մասին, և մարդիկ իջան ռմբապաստարաններ, ստորգետնյա կայանատեղեր, հիմա ողջ քաղաքը ներքևում է, քանի որ տեղեկություն եղավ, որ ուկրաինական տեխնիկան և քաղաքը կարող է հրետակոծվել»։

Կիևից հեռու Լուգանսկի Լիսիչանսկ քաղաքի բնակիչ Սերժ Արուսխանյանը, որ ղեկավարում է այս շրջանի հայերի միությունը, պատմեց, որ վաղ առավոտից զբաղված են ապաստարանները կարգի բերելով։ Լուգանսկի այս շրջանը ուկրաինական վերահսկողության տակ է։ Ասաց, որ օրվա ընթացքում ռմբակոծվել է շրջանի մի քանի քաղաք։ Արուսխանյանը ցույց տվեց այն շենքը, որտեղ պատրաստվում են պատսպարվել. Սեվերդանեցկ քաղաքում ենք գտնվում, մեր հայրենակիցների հիմնարկում, որը մեծ գումարի, քանակի տեխնիկա կա, էս ամեն ինչը հսկում ենք, որ անվտանգության պահով անվտանգ լինի, էս շենքերի տակ էլ պադվալային հարկեր կան, 50-70 մարդկանց տեղեր կա, վերևն ունեն սենյակներ, որտեղ կարելի է բնակվել»:

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի բնակիչ Վահե Մամիկոնյանը ընտանիքին արդեն տեղափոխել է ապահով վայր։ Այստեղ կրակոցները առավոտյան հինգից են լսվել:

Վիճակը համեմատաբար հանգիստ է Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում, «Ազատությանն» ասաց այդ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանան։ Քահանայի խոսքով՝ հանգիստ ասելը հարաբերական է, լարված ասելն էլ ճիշտ չէ, բայց կան հրետակոծություններ հեռվում, լուսադեմին սկսվել է ինչ-որ շարժ։ Բայց քահանան առավոտյան սովորականի պես Մակեևկա քաղաքում ժամերգություն էր անցկացրել։ Մակեևկայի Սուրբ Խաչ եկեղեցին Դոնեցկից մի փողոցով է բաժանվում՝ շփման գծից 10-12 կիլոմետրի վրա է:

«Ապաստարաններ պատրաստելը բոլոր տեղերում էլ, որովհետև շփման գծին մոտ մենք տեղեր ունենք, մեր հայկական կառույցները, ենթակառույցները, համայնքային վարչությունները նախապատրաստում են: Բնական է, ոչ թե կատարվում է տարերային վիճակով, արդեն 5-6 օր է` մենք այդ թեմաներով անընդհատ խոսում ենք: Նախապատրաստական աշխատանքներ են»:

Հոգևորականի խոսքով` համայնքային կառույցների աջակցությամբ որոշ ընտանիքներ արդեն Ռուսաստան են գնացել։

XS
SM
MD
LG