Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը գրավել են Զապորոժիեի ատոմակայանը


Այսօրվա վաղ ժամերին մարտական գործողություններ են ծավալվել Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում։ Վեց էներգաբլոկ ունեցող ԱԷԿ-ն ապահովում է Ուկրաինայի էլեկտրամատակարարման 20 տոկոսը։

Ուկրաինական կողմը հաստատում է, որ ատոմակայանն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին են հաղորդում նաև միջազգային լրատվամիջոցները։

Ինտենսիվ մարտերի ընթացքում ատոմակայանի համալիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որը որոշ ժամանակ անց հաջողվել է մարել։ Չնայած հաղորդվում է, որ հրդեհվել էր ռեակտորների հետ կապ չունեցող մի մասնաշենք, այնուամենայնիվ, միջուկային աղետի վտանգը տագնապ է առաջացրել աշխարհի մայրաքաղաքներում։

Ատոմակայանի տարածքում մարտական գործողությունների համար կողմերը մեղադրում են միմյանց։ Ըստ ուկրաինական կողմի այսօր վաղ առավոտյան ռուսական զորքերը հարձակվել են ատոմակայանի վրա, հրետակոծումների հետևանքով հրդեհվել է ուսումնական կենտրոնի հինգ հարկանի շենքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր հերթին ուկրաինական կողմին է մեղադրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի ասելով՝ դեռ փետրվարի 28-ից այդ շրջանը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Նրա խոսքերով՝ անցած գիշերը ատոմակայանին հարակից տարածքից Կիևի ազգայնական ռեժիմը փորձել է հրեշավոր սադրանք իրականացնել: Դիվերսանտները ուսումնական շենքից կրակ են բացել ռուսական ազգային գվարդիայի պարեկների վրա, ասել է նա։

Ատոմակայանը գտնվում է Զապորոժիեից Դնեպրի հունով ներքև ընկած Էներգոդար քաղաքի մոտ։ Էներգոդարի քաղաքապետը՝ Դմիտրի Օրլովն ասել է, որ հինգշաբթի օրը մարտեր են ընթացել քաղաքի մատույցներով։ Ռուսական տանկերը փորձել են քաղաք մտնել ու իրենց վերահսկողության տակ վերցնել ատոմակայանը, սակայն բնակիչները կանգնել են նրանց ճանապարհին։ Անցած գիշերը ռուսական ուժերը մի քանի ժամ անդադար հրետակոծել են Էներգոդարը։ Վաղ առավոտյան, նրա հաղորդած վերջին տեղեկությունով Էներգոդարի մոտ մարտերը դադարել են։

Ուկրաինայի չորս ատոմակայանները կառավարող մարմինը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ մարտական գործողությունները դադարել են, այն աշխատում է սովորական ռեժիմով, աշխատակիցները գտնվում են իրենց տեղերում։

Զապորոժիեի ատոմակայանի հրդեհը մտահոգություն է առաջացել ամբողջ աշխարհում

Ճապոնիայի կառվարությունը բարբարոսություն է համարել ատոմակայանի վրա հարձակումը։ Չինաստանի արտգործնախարարությունը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, խուսափել սրացումից և ապահովել միջուկային օբյեկտների անվտանգությունը։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլն ասել է, որ ռադիացայի մակարդակի աճ չի արձանագրվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին ևս նշել է, որ ռեակտորները չեն վնասվել, միաժամանակ խորը մտահոգիչ համարելով ստեղված իրավիճակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է միջուկային ահաբեկչության մեջ։ ԱՄՆ-ի նախագահը Մոսկվային կոչ է արել այդ վայրում դադարեցնել մարտական գործողությունները, Կանադայի վարչապետն ասել է, որ Ռուսաստանի կողմից սարսափելի հարձակումները անհապաղ պետք է դադարեցվեն։ Բրիտանիայի վարչապետի խոսքերով՝ Ռուսաստանի խելացնոր հարձակումը կարող է ուղղակիորեն սպառնալ ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։

Ուկրաինա ներխուժելու առաջին օրերին Ռուսաստանը գրավել էր երկերի հյուսիսում գտնվող լքված ատոմակայան Չեռնոբիլը, որտեղ 1986 թվականին տեղի ունեցած ռեակտորի պայթյունի արդյունքում Եվրոպայի մեծ մասում ռադիացիոն ճառագայթում էր տեղի ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG