Վատթարագույնը դեռ առջևում է, Պուտինի հետ զրույցից հետո ահազանգում է Մակրոնը
Պուտինը հրաժարվում է դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա, Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո։ Վատթարագույնը դեռ առջևում է, մեկուկես ժամ տևած զրույցից հետո ահազանգել է Մակրոնը:
Ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով նախագահ Մակրոնի օգնականին, որը ցանկացել է անանուն մնալ, գրում են, որ Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի պաշտոնակցին ասել է՝ շատ վճռական է շարունակելու հարձակումները՝ «ամբողջ Ուկրաինան գրավելու» նպատակով։
«Նախագահ Պուտինի ասածներում մխիթարող ոչինչ չկար: Նա մեծ վճռականություն է հայտնել գործողությունները շարունակելու հարցում», - հավելել է Ելիսեյան պալատի պաշտոնյան՝ շարունակելով, որ Մակրոնն ի պատասխան Պուտինին ասել է՝ «կոպիտ սխալ» է գործում։
Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցի մանրամասներին ծանոթ ֆրանսիացի պաշտոնյան նաև փոխանցել է, որ Կրեմլի ղեկավարը շեշտել է՝ ռուսական բանակի այսպես կոչված «հատուկ գործողություններն» ընթանում են Մոսկվայի պլանի համաձայն, և սպառնացել` իրավիճակը կսրվի, եթե ուկրաինացիները չընդունեն ռուսական կողմի պայմանները։
«Հաշվի առնելով Պուտինի ասածները` նախագահ Մակրոնը եզրահանգել է՝ վատթարագույնը դեռ առջևում է»,- հավելել է Ֆրանսիայի նախագահի օգնականը։
Վերջինիս խոսքով՝ Պուտինը կրկնել է Մոսկվայի պայմանները՝ «Ուկրաինայի ապանացիֆիկացում»։
Մակրոնն, իր հերթին, դատապարտել է Ուկրաինայում պատերազմի մասին Ռուսաստանի նախագահի ստերը։ Կրեմլի ղեկավարը մասնավորապես պնդել էր, թե Կիևի վրա հրթիռային հարվածներն իրականությանը չեն համապատասխանում։ «Կա՛մ դու ինքդ քեզ պատմություններ ես պատմում, կա՛մ պատրվակ ես փնտրում», - Պուտինին ուղղած Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերում Մակրոնի օգնականը։
Սա Պուտինի և Մակրոնի երրորդ հեռախոսազրույցն է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից՝ փետրվարի 24-ից ի վեր։ Ի տարբերություն արևմտյան առաջնորդների, որոնք հրաժարվում են Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ շփումներ ունենալ, Ֆրանսիայի նախագահը նախօրեին հայտարարել է, թե ձգտում է հետագայում էլ պահպանել Կրեմլի հետ շփումները՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով։
«Նախագահ Զելենսկիի և միջազգային հանրության առաջ իմ պարտականությունների էությունն է պաշտպանել ժողովրդին, քայլեր ձեռնարկել՝ կանխելու հումանիտար ողբերգությունը և դադարեցնելու այս պատերազմը», - հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը։
ՆԱՏՕ-ն Ուկրաինա չի ուղարկի իր զինծառայողներին ու ռազմական օդանավերը
Առայժմ ապարդյուն այդ ջանքերի ֆոնին` այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող պատերազմը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի հարևան Ֆինլանդիան և ԵՄ անդամ Շվեդիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ չեն: Կիևը արևմտյան դաշնակիցներին շարունակաբար հորդորում է պաշտպանել Ուկրաինայի օդային սահմանը՝ ոչ թռիչքային գոտի սահմանել ռուսաստանյան հրթիռների, ինքնաթիռների և ուղղաթիռների համար` օդային հարձակումներից պաշտպանվելու նպատակով:
Արևմտյան ռազմական դաշինքի անդամները, սակայն, խուսափում են այդ քայլից, ինչը կարող է վերածվել դաշինքի և միջուկային զենքով սպառնացող Ռուսաստանի միջև պատերազմի։
ՆԱՏՕ-ն Ուկրաինա չի ուղարկի իր զինծառայողներին, ինչպես նաև իր ռազմական օդանավերը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպման ավարտին։ Ստոլտենբեգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ձգտում Ռուսաստանի հետ պատերազմի, իսկ ՆԱՏՕ-ի ուղիղ մասնակցությունն Ուկրաինայում շարունակվող պատերազմին կմեծացնի նման պատերազմի վտանգը։
Դաշինքը միևնույն ժամանակ կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դուրս բերել զորքն Ուկրաինայից և բանակցություններ սկսել, նաև հայտարարում, որ կպաշտպանվեն, եթե Ռուսաստանի փորձի հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից տեղափոխել։
Առաջիկա օրերը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ծանր կլինեն Ուկրաինայի համար. Ստոլտենբերգ
Ստոլտենբերգը հաստատել է․ այսօրվա հանդիպմանը Կիևի խնդրանքը` ոչ թռիչքային գոտու սահմանման հարցով, քննարկել են։ Բայց նման քայլի դաշինքը դեմ է՝ կրկնելով՝ դա էլ ավելի կսրի հակամարտությունը։
Ինչպես հայտարարել է արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը՝ առաջիկա օրերը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ծանր կլինեն Ուկրաինայի համար՝ ավելի շատ մահեր, ավելի շատ ավերածություններ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեծամասնությունը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, 500 միլիոն եվրո է հատկացրել նաև Եվրամիությունը՝ սպառազինության ձեռքբերման նպատակով։ Մի շարք երկրներ նաև իրենց քաղաքացիներին թույլատրել են Ուկրաինա մեկնել պատերազմին մասնակցելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անցած օրերին խոսելով Ուկրաինայում, իր ձևակերպմամբ, «հատուկ գործողություններ սկսելու» պատճառների մասին պնդել էր, թե իբր ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինան իր հակառուսական ճակատը դարձնել։
«Կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզ». Բլինքեն
ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում, բայց հարկ եղած դեպքում կպաշտպանի դաշինքի երկրների տարածքի ամեն մի թիզ, հայտարարում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, մենք առճակատման չենք ձգտում, բայց եթե այն մեր դեմ սկսվի, մենք դրան պատրաստ ենք և կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզ», - ասել է նա:
Դաշինքի մյուս առանցքային անդամ Գերմանիան իր հերթին հավաստիացրել է` Ուկրաինային չեն թողնի բախտի քմահաճույքին։
«Մենք կանենք ամեն ինչ` այս տառապանքին վերջ դնելու համար։ Մարդասիրական օգնությունից բացի, ի լրումն մեր կողմից արդեն իսկ ընդունված երեք խիստ պատժամիջոցների փաթեթների, միջոցներ կձեռնարկենք ընդդեմ Պուտինի գլխավորած իշխանական բուրգի»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը` կարծիք հայտնելով, որ արևմտյան պատժամիջոցները արդեն իրենց արդյունքը տալիս են՝ հատկապես ռուբլու օրինակով։
Բողոքի ակցիաներ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների այսօրվա նիստին զուգահեռ
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի արտգործնախարարների այսօրվա նիստը Բրյուսելում ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ «Ռոյթերզի» հաղորդմամբ` տասնյակ ուկրաինացիներ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ էին հավաքվել` դաշինքից պահանջելով գործել, փակել Ուկրաինայի օդային տարածքը, որտեղից ռուսաստանյան օդային ուժերը անարգել հրթիռակոծում և ռմբակոծում են ուկրաինական բնակավայրերը։
«Ես Ուկրաինայից եմ, իմ բոլոր հարազատներին, ընկերներին Կիևում ռմբակոծում են: Ես շատ ընկերներ եմ կորցրել, մեր շենքերից շատերը արդեն ավերված են, այդ պատճառով խնդրում եմ՝ օգնեք մեզ։ Մենք համարձակ ժողովուրդ ենք, բայց մենք աջակցության կարիք ունենք, մեզ օգնություն է պետք», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: