Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական մի շարք ուժեր նախագահի՝ միայն իշխող ուժի ձայներով ընտրվելու մեջ խնդիր չեն տեսնում


Էդմոն Մարուքյան, Արման Բաբաջանյան
Էդմոն Մարուքյան, Արման Բաբաջանյան

Արտախորհրդարանական մի շարք ուժեր խնդիր չեն տեսնում, որ հանրապետության 5-րդ նախագահն ընտրվեց առանց խորհրդարանական ընդդիմության՝ միայն իշխող ուժի ձայներով:

Երեկ Ազգային ժողովում 71 կողմ քվեով նախագահ ընտրվեց Վահանգն Խաչատրյանը: Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես և հայտարարել էր, բոյկոտեց ընտրությունը: Արտախորհրդրանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սա բնական է համարում:

«Որևէ այլ ձևաչափ ես չէի էլ սպասում, որովհետև հայտարարել էր, որ բոյկոտելու է, բոյկոտեց, իշխանությունն էլ երկու փուլից ընտրեց հանրապետության նախագահի իր թեկնածուին։ Ժողովրդի կողմից ձևավորված պառլամենտը Սահմանադրությամբ ընտրել է հանրապետության նախագահ», - ասաց Մարուքյանը։

Արտախորհրդարանական ուժերից «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջյանը կարծում է՝ այն, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագահի ընտրությանը, միայն դրական կարող է ընկալվել:

«Ես շատ ուրախ եմ, որ իրենք չեն մասնակցել այդ ընտրությանը, որովհետև ես նախ՝ իրենց ընդդիմություն չեմ համարում, ես համարում եմ նրանց ազգային անվտանգության սպառնալիք, համարում եմ պետության, պետականության ընդերքում դրված ական՝ այդ երկու խմբակցություններին, և կարծում եմ, որ նրանք իրենց ընտրությամբ ավելի կարատավորեին Վահագն Խաչատրյանի ընտրությունը», - ասաց Բաբաջանյանը։

Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին էր անակնկալ հրաժարական տվել՝ որպես հիմնական պատճառ նշելով իր սահմանափակ լիազորությունները:

Իր ելույթում Վահագն Խաչատրյանը հայտարարեց՝ սահմանադրական լիազորությունները բավարար են նախագահի ինստիտուտի կայացման համար։

Վարչապետի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն ասում է՝ գուցե սահմանադրական բարեփոխումներով նախագահի լիազորություններն ընդյալնվեն:

«Եթե պարոն Խաչատուրյանն ասում է, որ ինքը նորմալ կգործի լիազորությունների շրջանակներում, իրեն հաջողություն եմ մաղթում։ Ընթացքում, բնականաբար, չի բացառվում, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի լիազորությունները նաև ընդլայնվեն, այսինքն՝ էս քննարկումը կա դեռևս 2018 թվականից։ Ես բազմիցս ասել եմ, որ պետք է բալանսավորել, քանի որ նախագահը անկախ արբիտրի դեր պետք է կատարի, պետք է նրան նաև ավելի շատ լիազորություններ տալ, քան նա ունի հիմա։ Ես հաջողություններ եմ մաղթում նրան իր գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, մնացածը՝ կապրենք կտեսնենք», - ասաց Մարուքյանը։

Արման Բաբաջանյանը ևս կարծում է, որ նախագահի լիազորություններին առնչվող սահմանադրական փոփոխություններ են պետք: Ըստ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարի, ներկայիս Սահմանադրությունը գրվել է Սերժ Սարգսյանի համար, իսկ Արմեն Սարգսյանը չգրված, բայց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրած ավելի լայն ազդեցություն ուներ, որը հեղափոխությունից հետո զրոյացվեց՝ հարուցելով նրա դժգոհությունը: Բայց անգամ սահմանափակ լիազորություններն, ըստ Բաբաջանյանի, ակտիվ աշխատանքի խոչընդոտ չեն կարող լինել։

«Սահմանափակ լիազորությունները երբեք չեն կարող պատճառ լինել որպեսզի նախագահը, որպես ապաքաղաքական և պետության գլուխ, կարողանար իսկապես վեր կանգնել այդ բոլոր գործընթացներից և երկրում խաղաղության, ներդաշնակության խորհրդանիշ լինել և այդ մթնոլորտի հիմնական քարոզիչը դառնալ», - ասաց «Հանուն Հայաստանի» կուսակցության ղեկավարը՝ շարունակելով․ - «Կարծում եմ, որ Վահագն Խաչատրյանն այն անհատն է, ով իր ողջ գիտակցական կյանքում կարողացել է ապացուցել, որ իր խառնվածքով, իր նկարագրով կարող է ներկայացնել մեր հասարակության բոլոր հատվածներին և արժանիորեն կատարել այն լիազորությունները, որոնք սահմանված են մեր երկրի մայր օրենքով»։

Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցությունից, որին ժամանակին անդամացկել է Վահագն Խաչատրյանը, փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախագահի ընտրության մասին ասաց․ - «Այդ իրադարձությունից Հայաստանում ոչ մի բան դեպի լավը չի փոխվի այն պարզ պատճառով, որ նախագահ է նշանակվել Նիկոլ Փաշինյանի թիմի հլու-հնազանդ կամակատարը»։

Ազգային ժողովի կողմից երեկ ընտրված 5-րդ նախագահ Վահագն Խաչատրյանը պաշտոնը կստանձնի ընտրվելուց 10 օր անց՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդումով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG