Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյանը՝ Հայաստանի հինգերորդ նախագահ


Ընդդիմությունը կրկին բոյկոտում էր

Հայաստանը նոր նախագահ ունի՝ 62-ամյա Վահագն Խաչատրյանը։

Իշխանությանը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով հաջողվեց ընտրել իր իսկ առաջադրած թեկնածուին (107 պատգամավորից նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել են 71-ը, 71-ն էլ կողմ են քվեարկել)։

Դահլիճում ինչպես երեկ, այսօր էլ միայն իշխանական պատգամավորներն էին, ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտում էին նախագահի ընտրության թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Ինչպես պարզվեց ընտրության արդյունքներից, բացի իշխանականներից, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի օգտին քվեարկել է նաև որևէ խմբակցությունում չընդգրկված, վերջերս «Պատիվ ունեմից» դուրս եկած Իշխան Զաքարյանը։

«Համոզված եղեք՝ ես ո՛չ ակտիվ, ո՛չ ոչ ակտիվ անգործության չեմ մատնվելու»

Մինչև քվեարկությունը ամփոփիչ ելույթում կառավարող թիմի անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը տարբեր ձևերով վստահեցնում էր՝ հրապարակային բանավեճ-հակասություններն իր կողմից բացառված են, ինչին ոչ մեկ անգամ ենք ականատես եղել Արմեն Սարգսյանի օրոք՝ կառավարության, Ազգային ժողովի հետ։

«Պետք է մեկը մի շենքում նստի, մեկն` այստեղ, մյուսը` երրորդ տեղ, ու սկսեն իրար հետ կռվել ու դա համարե՞ն նորմալ պետական կառավարում: Ես համարում եմ դա աննորմալ երևույթ և անթույլատրելի նույնիսկ երևույթ: Այն, ինչ որ տեղի է ունենում ներքին խոհանոցում, չեմ կարծում, որ պարտադիր է, որ հանրությունը դրա մասին իմանար», - հավաստիացրեց նա:

Ընդհանրապես իշխանության հասցեին գովեստի խոսքերի, հավաստիացումների հարցում Խաչատրյանը առատախոս էր: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն ուղիղ պատասխան էր ակնկալում Վահագն Խաչատրյանից՝ բացասական կոնտեքստով հիշելով Արմեն Սարգսյանին, ով, օրինակ, հրաժարվեց ստորագրել Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը։

«Ազգային ժողովը կամ այլ սուբյեկտները չէին հասկանում ինչ անել, և այդ անգործությունը դիտարկել որպես վերջնական կամքի դրսևորում, թե ոչ: Ես ուզում եմ հասկանալ` ադրդյոք նախատեսո՞ւմ եք Ձեր գործունեության ընթացքում կիրառել այդ ակտիվ անգործությունը, այսինքն` հայտարարեք, որ չեք անելու», - հետաքրքրվեց պատգամավորը:

«Այդ տիպի անգործունեությունն ինձ համար ուղղակի անընդունելի է: Համոզված եղեք՝ ես ո՛չ ակտիվ, ո՛չ ոչ ակտիվ անգործության չեմ մատնվելու, ընդհակառակը` համոզված եմ, որ մեզ մոտ միասին ստացվելու է շատ բուռն ստեղծագործ աշխատանք», - ասաց Խաչատրյանը:

Վերջինս կիսում է նաև Նիկոլ Փաշինյանի գնահատականը, որ նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ։ Թե՛ երեկ խոսեց դրա մասին, թե՛ այսօր. «Գտնում եմ, որ և՛ Ազգային ժողովի, և՛ կառավարության, և՛ նախագահական ինստիտուտի համատեղ հենց ներդաշնակ աշխատանքը հնարավորություն են տալու մեր երկրի զարգացման հարատևությունն ապահովել»:

Նախագահի պաշտոնից հունվարի 23-ին անակնկալ հրաժարական տված Արմեն Սարգսյանը նաև իր սահմանափակ լիազորություններն էր պատճառ բերել։ Վահագն Խաչատրյանը մի քանի անգամ պնդեց՝ կռիվ չունի սահմանադրական լիազորությունների հետ, կարծում է՝ դրանք բավարար են նախագահի ինստիտուտի կայացման համար։

«Նախ դուք խոսեցիք երեկ ձեր ելույթներում, ձեր հարցադրումներով, համոզված եղեք, որ մի ամբողջական գործառույթների փաթեթ է ստացվում, որ և պարտավոր է ՀՀ նախագահը այդ գործառույթներն իրականացնել», - շեշտեց նա:

Երկրորդ փուլի քննարկումը` «ֆորմալ»

Թեև ընտրությունների առաջին փուլը երեկ էր, բայց արդյունքները միայն այսօր հրապարակվեցին։ Պատճառը, թերևս, թեկնածուի չընտրվելն էր։ Իշխանության ձայները միայն երկրորդ փուլով նախագահ ընտրելուն էին բավարարում։ Չընտրվելու մասին հայտարարությունից անմիջապես հետո սկսվեց երկրորդ փուլի քննարկումը, որը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ չթաքցրեց, ֆորմալ էր. «Երեկ ես արդեն ձեզ և մեր հանրությանը ներկայացրել եմ պարոն Խաչատուրյանի ֆորմալ կենսագրությունը և կարծում եմ, որ դա արդեն իսկ բավարար է: Այս ֆորմալ ընթացակարգը պահելու համար պարզապես պիտի մոտենայի ամբիոնին»:

Արամ Վարդևանյանը չի պատկերացնում համատեղ աշխատանքը

Խաչատրյանը խոստացել է լինել բոլորի նախագահը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը չի պատկերացնում համատեղ աշխատանքը:

Չնայած նախագահն ընտրված է, բայց իշխանություն-ընդդիմություն բանավեճը չի մարում՝ ընդդիմությունը, նաև այս երկու օրերի խոսքն ու գործը մատնացույց անելով, հայտարարում է՝ Վահագն Խաչատրյանին իշխանությունն է ընտրել, ուստի նա միայն ՔՊ նախագահն է, իշխանությունը հակադարձում է՝ Խաչատրյանը լեգիտիմության խնդիր չունի, որովհետեւ նրան ընտրել է ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը։

«Նույնիսկ այս մի քանի օրվա համար անձը արձակուրդ չի մեկնում, որ գոնե թվացյալ լինի իրավիճակ, որ անկախ է, քաղաքական թիմի ներկայացուցիչ չէ: Երեկ ներկայանում է որպես հանրապետության նախագահի թեկնածու, ով պետք է գործի անկախ, վեր լինի գործադիրից, օրենսդիրից, մյուս իշխանությունից, բայց գալիս է, հարցուպատասխանին է մասնակցում», - նկատեց Վարդևանյանը:

«Ընտրությունը, միանշանակ, լեգիտիմ է, և եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ուներ բարձրաձայնելու, ապա նախ պիտի առաջադրեր թեկնածու և երկրորդը` պիտի մասնակցեր քննարկումներին և հարցադրումներ աներ, այդ թվում` մեր թեկնածուին, որովհետև ինքը 1/3-ի մանդատը ստացել է, բայց դրանից օգտագործում է միայն մի մուտքը, որտեղով ինքը կարող է մտնել, ասել` դավաճան, հողատու և գնա», - արձագանքեց Հայկ Կոնջորյանը:

Շնորհավորանքներ են ստացվում

Նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով։ Առջևում դեռ պաշտոնական արարողություն կա. Վահագն Խաչատրյանը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Հայաստանի 5-րդ նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ է, նրան ներկայացնելիս հայտարարվեց՝ ոսկե մեդալով է ավարտել դպրոցը։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում անցած տարվա օգոստոսից ու մինչև այս պահը զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր։ 2000-ականների սկզբից քաղաքացիական ու քաղաքական գործունեություն է ծավալել` լինելով նաև առաջին նախագահի ղեկավարած ՀԱԿ անդամ։ Պարզվում է՝ դաշնամուր նվագելուց վատ չէ:

Ընտրությունից հետո չուշացավ վարչապետի շնորհավորական ուղերձը:

«Պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում»,- գրել է Փաշինյանը:

Շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահը․ Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահի գործունեությունը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG