«Չգտանք այնպիսի թեկնածու, որն արժանի է ՀՀ նախագահ առաջադրելու համար», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Նա պիտի լինի բոլորի կողմից ընդունված, չպիտի լինի քաղաքական կերպար, քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, չպիտի լինի որևէ կողմին հարող, նա պիտի լինի Սահմանադրության երաշխավորը երկրում: Այս պայմաններում մենք չգտանք այդպիսի թեկնածու կամ չհամարեցինք ճիշտ այդպիսի թեկնածուին առաջադրելը նախ այն պատճառով, որ, բնականաբար, չէինք կարող հասնել նրա հաղթանակին, այսինքն որ նրան ընտրեին բոլորը, որովհետև ձայների մեծամասնությունն իշխանությանն է», - ընդգծեց Թագուհի Թովմասյանը:
«Իշխանությունը պետք է չաներ այլ քայլ՝ մինչև չվերադարձվեին գերիները»
Անդրադառնալով նրան, որ այսօր հրատապ հարցով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարարին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու պահանջով, Թովմասյանն ասաց. «Անկախ նրանից, թե դիմումներն ինչ ընթացք կունենան, ես որպես պատգամավոր համարում եմ, որ դա իմ աշխատանքն է և պետք անեմ ու միջազգային հանրությանը տեղյակ պահեմ: Պատերազմից հետո ես ուղղակի հեղեղել եմ նման կազմակերպությունները այսպիսի բովանդակություն ունեցող նամակներով, իհարկե, որևէ արձագանք մինչ այժմ չկա, բայց գոնե թող տեղեկանան՝ ինչ է կատարվում. Ադրբեջանը շարունակում է ահաբեկչական քաղաքականություն վարել, մեր գերիների նկատմամբ շարունակում է նսեմացնող գործողություններ, և մենք անընդհատ ստանում ենք ահազանգեր դրանց վերաբերյալ»:
Թովմասյանի կարծիքով՝ պետական օղակները պետք է շարունակեին բանակցությունները. «Նոյեմբերի 9-ի հայտարարություն մեջ հստակ գրված է գերիների վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց, մենք կատարեցինք այդ պահանջը, չկատարվեց Ադրբեջանի կողմից: Հետևաբար քանի այդ կետը չէր կատարվել, մենք չպետք է անցնեինք հաջորդ կետերի քննարկմանը: Մենք հիմա խոսում ենք կոմունիկացիաների բացման մասին, խաղաղության օրակարգ և այլն, բայց եթե նախորդ կետը չի կատարվել, ինչո՞ւ ենք անցնում առաջ»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ իշխանությունը պետք է չաներ այլ քայլ՝ մինչև չվերադարձվեին գերիները:
«Ստացվում է, որ մենք մի կետը չկատարած անցնում ենք մյուս կետին և սա նաև միջպետական հարաբերությունների մեջ կարող է խնդրահարույց լինել այն իմաստով, որ պետք է ամեն մեկը տեր կանգնի իր ստորագրությանը», - ընդգծեց նա: