Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է բեկանել Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով վճիռն ու արդարացնել նրան


Այրված մեքենաներ Երևանի կենտրոնում մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո, 2-ը մարտի, 2008թ․
Այրված մեքենաներ Երևանի կենտրոնում մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո, 2-ը մարտի, 2008թ․

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքով պահանջում է բեկանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։

Ավելի քան 11 տարի քննելով Հայաստանի դեմ ներկայացված բողոքը՝ Եվրադատարանը վերջերս վճռեց, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հենց այս վճիռն էլ հիմք է հանդիսացել վճռաբեկ դիմելու համար։

«Նման դեպքերում պարտադիր է համապատասխան դատական ակտերը վերանայելու պահանջը։ Գլխավոր դատախազը, նոր հանգամանքի հիմքով, բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան և միջնորդել է, որպեսզի 2010 թվականին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված մեղադրակա դատական ակտերը վերանայվեն, բեկանվեն, ճանաչվի և հռչակվի Նիկոլ Փաշինյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքներում, որը նշանակություն անձի ներկայում, նախկինում իրականացրած գործունեության, զբաղեցրած պաշտոնի հետ որևէ առնչություն չունի։ Կրկնում եմ, օրենքի պահանջ է, իմպերատիվ պահանջ է, առկա է կոնկրետ ՄԻԵԴ-ի որոշումը, և նման դեքպերում նման իրավական գործընթացի նախաձեռնումը հստակ պահանջ է, ինչը և դատախազության կողմից իրականացվել է», - ասաց Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանը դատական նիստերից մեկի ժամանակ, 18-ը փետրվարի, 2011թ․
Նիկոլ Փաշինյանը դատական նիստերից մեկի ժամանակ, 18-ը փետրվարի, 2011թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010 թվականին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Նա նաև մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն այս դրվագով արդարացվել էր: Փաշինյանը բանտում ավելի քան մեկ տարի մնաց, ապա համաներմամբ ազատ արձակվեց։

Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ է արձակվում, 27-ը մայիսի, 2011թ․
Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ է արձակվում, 27-ը մայիսի, 2011թ․

Մարտյան իրադարձությունների վերաբերյալ Եվրադատարանի վճիռները անցած 3 տարիներին հիմք են հանդիսացել, որ տասնյակ ընդդիմադիրներ արդարացվեն հայաստանյան դատարաններում։ Վճռաբեկը երեք ամիս ժամանակ ունի Նիկոլ Փաշինյանին առնչվող բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG