Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներ զորքեր մտցնելու Ռուսաստանի որոշման ֆոնին հայտարարել է զինված ուժերի պահեստազորայինների հավաք։
«Մեզ պետք է արագ համալրել ուկրաինական բանակը և այլ ռազմական կազմավորումները։ Ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, հրաման եմ տվել հատուկ ժամկետում պահեստազորայինների զորակոչման մասին։ Ընդգծում եմ, որ խոսքը բացառապես օպերատիվ պահեստազորում նշանակված քաղաքացիների մասին է», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ընդհանուր մոբիլիզացիայի կարիք դեռ չկա։
Նրա խոսքով՝ պահեստազորայինները պետք է բարձրացնեն ուկրաինական բանակի պատրաստվածությունը բոլոր հնարավոր փոփոխությունների համար։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան հանդես է գալիս խաղաղության և հարցերը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին, սակայն պետք է պատրաստ լինի ագրեսիայի։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իր երկիրը ռազմական դրության կանցնի միայն Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում։