Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու՝ Պուտինի որոշումը


Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:

«Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար», իր ուղերձում ասել է Հարությունյանը՝ շարունակելով՝ «Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»:

Պատմական որակելով այս իրադարձությունը՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին և հույս հայտնել, որ «երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»:

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։

XS
SM
MD
LG