Ամերիկացի օրենսդիրներն այս շաբաթ չկարողացան համաձայնության գալ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը կանխարգելող պատժամիջոցների փաթեթի շուրջ:
Ամերիկացի սենատորները միասնական են ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցելու պայքարում, բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման դեմ ուղղված պատժամիջոցների օրենսդրական փաթեթի ընդունման հարցում տարաձայնությունները վրդովմունքի մեծ ալիք են առաջացրել Կապիտոլիումում:
«Պատժամիջոցների օրինագիծը սկզբունքային տարաձայնությունների պատճառով հայտնվել է փակուղում: Առհասարակ, դեմոկրատներն այն կարծիքին են, որ դուք պատժամիջոցների օրինագծի մասին պետք է նախապես հայտարարեք՝ մատնանշելով, թե ներխուժման պարագայում ինչ քայլեր են ձեռնարկվելու։ Հանրապետականների դիրքորոշումը մշտապես եղել է պատժամիջոցների անհապաղ կիրառումը», - նշել է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության սենատոր Թիմ Քեյնը։
Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան ԱՄՆ-ի օրենսդիրներին հայտնել է, որ պատժամիջոցների հարցում Միացյալ Նահանգներին կաշկանդում են եվրոպացի դաշնակիցները։
«Ջո Բայդենը և նրա վարչակազմը որոշել են, որ մեր և եվրոպացիների քայլերը այս հարցում պետք է լինեն համակարգված, այս առումով՝ գերմանացիները շատ են մեղմացնում մեր արձագանքը», - ասել է Ազգային անվտանգության նախկին տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելը:
Այս պատճառով հանրապետական օրենսդիրների մեծ մասն այն կարծիքին է, որ Ուկրաինա Պուտինի հնարավոր ներխուժումը կանխարգելող ջանքերը փոքր-ինչ ուշացած են:
«Կարծում եմ, որ մենք շատ ենք ուշացել: Ըստ իս, մեր հաստատակամ դիրքորոշումը պետք է հասկանալի լինի Պուտինի համար։ Նա պետք է իմանա, որ ներխուժման պարագայում, հետևանքները ծանր կլինեն ոչ միայն ռուսաստանցիների, այլ նաև իր մտերիմ շրջապատի համար», - ընդգծել է հանրապետական կուսակցության սենատոր Մայք Ռաունդսը:
Հանրապետական կոնգրեսականները քննադատում են նախագահ Բայդենին ճգնաժամին արձագանքելու հարցում հապաղելու համար, թեև այն կարծիքին են, որ ԱՄՆ-ը պետք է որպես միասնական ճակատ հանդես գա Ռուսաստանի դեմ: Քննարկվող պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսաստանյան բանկերի գործունեությունը սահմանափակող խիստ գործողություններ, դեպի Գերմանիա տանող «Հյուսիսային հոսք 2» ստորջրյա գազատարի կասեցում և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացում:
«Մենք պիտի վճռականություն, ինչպես նաև՝ տոկունություն ցուցաբերենք, այս փաթեթի հարցում պետք է միասնական դիրքորոշմամբ հանդես գանք՝ ցույց տալով Պուտինին, որ մենք, երկու կուսակցություններս, միակարծիք ենք։ Նա պիտի վստահ լինի, որ Ռուսաստանի տնտեսությունը կաթվածահար անող պատժամիջոցներն իրականություն կդառնան, և որ Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու, և այն, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա։ Վլադիմիր Պուտինը, կարծես այս ուղերձները ստանում է մեզնից, և մենք ոչ մի դեպքում չպետք է հրաժարվենք այս ռազմավարությունից, որը այս պահին կարծես աշխատում է», - նշել է դեմոկրատական կուսակցության սենատոր Ռիչարդ Բլյումենթալը:
Ուկրաինայի վերաբերյալ Ջո Բայդենի ելույթը երեքշաբթի օրը դրական ընդունվեց թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների կողմից։ ԱՄՆ-ի օրենսդիրները գտնում են, որ նախքան պատժամիջոցները պետք է օգտագործել ճգնաժամը հանգուցալուծելու մյուս մեթոդները։
«Հույս ունեմ նախագահ Բայդենի ջանքերը կպսակվեն հաջողությամբ: Օրենսդիրների երկկուսակցական խումբը և ես երեկ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ՝ հստակ ընդգծելով երկու կուսակցությունների անվերապահ աջակցությունը նախագահ Բայդենին՝ կոնֆլիկտի դեպքում Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու համար», - ասել է Սենատի փոքրամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելը։
Քանի որ Սենատի այս նստաշրջանին միայն երկու օր է մնացել, պատժամիջոցների հարցում միակ տարբերակը մնում է գործադիրի որոշումը։