Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության մի խումբ ներկայացուցիչների նկատմամբ։ Պաշտոնական Մոսկվան տարածած հաղորդագրությամբ շեշտում է, որ նման որոշում է ընդունվել ի պատասխան Եվրամիության կողմից ավելի վաղ սահմանված պատժամիջոցների։
Բրյուսելը անցած տարվա հոկտեմբերին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խախտելու համար» պատժամիջոցներ է սահմանել մի խումբ ռուսաստանցիների նկատմամբ՝ այդ թվում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, Հարավային ռազմական օկրուգի բարձրաստիճան զինվորականների, պաշտոնյաների, բռնակցված Ղրիմի Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ։ Մեկ ամիս անց էլ համալրելով այդ ցանկը՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Wagner խմբավորման վարձկանների նկատմամբ։
«Ղեկավարվելով փոխադարձության և հավասարության սկզբունքով՝ մենք որոշեցինք ընդլայնել Եվրամիության անդամ երկրների և կառույցների ներկայացուցիչների պատասխան ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Հաղորդվում է, որ այս սահմանափակումները կտարածվեն եվրոպական մասնավոր ռազմական ընկերությունների ղեկավարների և պետական պաշտոնյաների վրա, որոնք «անձնապես պատասխանատու են հակառուսական քաղաքականության համար», «խախտում են ռուսալեզու բնակիչների և լրատվամիջոցների օրինական իրավունքները»: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անուններ չի հայտնում։