Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում աստիճանաբար կվերացվեն սահմանափակումները


Գերմանիա - Կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման լաբորատորիա Շտուտգարտի հիվանդանոցներից մեկում, փետրվար, 2022թ․
Գերմանիա - Կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման լաբորատորիա Շտուտգարտի հիվանդանոցներից մեկում, փետրվար, 2022թ․

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ պլանավորում են մինչև մարտի 20-ը վերացնել երկրում գործող սահմանափակումների մեծ մասը՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Եռափուլ ծրագիրը հաստատվել է դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի և 16 նահանգների ղեկավարների կողմից, քանի որ Գերմանիայում վարակի ցուցանիշը սկսել է նվազել:

Այս որոշումը համընկավ հարևան Ավստրիայի և Շվեյցարիայի նմանատիպ գործողությունների հետ։

Ավստրիայի կառավարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ նախատեսում է մարտի 5-ից վերացնել կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների մեծ մասը, թեև որոշ վայրերում դիմակ կրելը կմնա պարտադիր։ Այսպես՝ ռեստորանների փակման սահմանված ժամն այլևս չի լինի, գիշերային ակումբները կրկին կկարողանան բացվել, իսկ հասարակական վայրեր այցելելու համար այլևս «կանաչ անձնագիր» չի պահանջվի։

Շվեյցարիայի իշխանությունները որոշել են այսօրվանից հանել սանիտարական սահմանափակումների մեծ մասը, քանի որ «օմիկրոն» տարբերակի առաջացրած վարակի ռեկորդային մակարդակը չի հանգեցրել շատ հոսպիտալացումների: Մուտքը խանութներ, ռեստորաններ, մշակութային հաստատություններ և միջոցառումներ կրկին հնարավոր կլինի առանց դիմակի կամ COVID-սերտիֆիկատի։ Չեղարկվում է նաև աշխատավայրում դիմակ կրելը: Շվեյցարիա մտնողներն այլևս կարիք չեն ունենա ներկայացնել պատվաստման, տարած հիվանդության կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վկայական։

XS
SM
MD
LG