Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի որոշողը` ով լինի ՆԱՏՕ-ի անդամ, ով՝ ոչ․ Ստոլտենբերգ


Բրյուսելում փետրվարի 16-17-ն անցկացվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը: Այսօր կեսօրից հետո դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները ժամանել են Բրյուսել։

«Մենք Մոսկվայից ազդանշաններ ենք լսում դիվանագիտական ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, բայց դեռ լարվածության որևէ թուլացում տեղերում չենք տեսնում, ընդհակառակը՝ տպավորություն կա, որ Ռուսաստանը շարունակում է ռազմական կուտակումները», - առաջին նիստի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի հստակ մեսիջներ հղել Ռուսաստանին, որ պատրաստ է նստել ու բանակցել նրանց հետ։ Բայց միաժամանակ դաշինքը պատրաստ է վատթարագույնին, և եթե Ռուսաստանը նորից ներխուժի Ուկրաինա, ապա շատ բարձր գին կվճարի։

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի հետ կապված Ստոլտենբերգն ասել է, որ դա որոշելու են 30 դաշնակիցները. «Ռուսաստանը չի որոշողը` ով լինի ՆԱՏՕ-ի անդամ, ով՝ ոչ։ Սա սկզբունքային հարց է, որը մեր բոլոր դաշնակիցները հստակ հայտարարում են կրկին և կրկին։ Սա նշանակում է հարգել Եվրոպայում յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ ընտրելու իրենց սեփական ճանապարհը, արդյո՞ք նրանք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, թե՞ չեն ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ», - ասել նա։

2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումներում ամրագրվել է, որ Ուկրաինան և Վրաստանը ապագայում կարող են անդամակցել դաշինքին։ 14 տարի անց Ռուսաստանը կտրուկ դեմ է արտահայտվում այդ որոշմանը, պնդելով, որ Ուկրաինան ու Վրաստանը չպետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար ունենան, և այդ մասին հրապարակավ պետք է հայտարարվի, նույնիսկ ամրագրվի փաստաթղթով։

Յենս Ստոլտենբերգը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը հինգշաբթի օրը մասնակցելու են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկն ու Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն՝ քննարկելու Սևծովյան տարածաշրջանի վատթարացող իրավիճակը։ Ստոլտենբերգն ասել էր, թե ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներն իրենց աջակցությունը կհայտնեն այդ երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Բրիտանական Sky հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում դաշինքի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ինչպես Ուկրաինայի սահմաններին ռուսական ուժերի կուտակումներին, այնպես էլ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը և պարզաբանել, թե ինչը ինչի հետ է կապված։ Մասնավորապես, Մոսկվան հաճախ է պնդում, որ ռուսական զորքերը տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքում, և դա իր բացարձակ իրավունքն է։

«Յուրաքանչյուր երկիր իր սեփական տարածքում իր սեփական զորքերի զորավարժություններ անցկացնելու իրավունք ունի։ Դա լիովին ընդունելի է։ Բայց սրանք նորմալ վարժանքներ չեն։ Սա Եվրոպայում մարտական ուժերի ամենամեծ կուտակումներն են սառը պատերազմից հետո, և նրանք Ուկրաինայի սահմանների մոտ են, նրանց գործընկերները գտնվում են Ուկրաինայի տարածքի ներսում՝ Ղրիմում, ինչպես նաև Դոնբասում, և դա աննախադեպ է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` շարունակելով․ - «Նրանք բոլոր հնարավորություններն ունեն առանց որևէ նախազգուշացման լայնածավալ ներխուժում սկսելու համար, այնպես որ՝ սրանք աննախադեպ ռազմական կուտակումներ են, անհիմն և անբացատրելի, որն ուղեկցվում է սպառնալից հռետորաբանությամբ, որովհետև նրանք ասում են, որ եթե մենք Ռուսաստանի պահանջներին զիջումների չգնանք, ապա կլինեն ռազմատեխնիկական հետևանքներ»։

Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայությանը, ապա դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ մինչև 2014-ը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում մարտական ուժեր չուներ։

«Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ն մարտական ուժեր չուներ դաշինքի արևելյան մասում։ 2014-ին Ղրիմի անօրինական բռնակցումից հետո պատմության մեջ առաջին անգամ մարտական ստորաբաժանումներ տեղակայվեցին Բալթյան երկրներում և Լեհաստանում։ Այնպես որ, եթե Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների նպատակը իրենց սահմանների մոտ քիչ ՆԱՏՕ ստանալն է, ապա ստացվում է լրիվ հակառակը։ Նրանք ավելի շատ ՆԱՏՕ են ստանում, ինչպես և հիմա։ Մենք ավելացրել ենք մեր ներկայությունը դաշինքի արևելյան մասում, որն ուղիղ արձագանք է Ռուսաստանի ռազմական ուժի կուտակումներին Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ»,- պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Կառույցը, անդրադառնալով այսօր ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարների հանդիպման առաջին նիստի արդյունքներին, հայտնել է, որ որոշում է ընդունվել` ամրապնդելու դաշինքի արևելյան թևը։

«Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը։ Մենք ապահովելու ենք դաշնակիցների պաշտպանությունը` լրացուցիչ ուժեր տեղակայելով ՆԱՏՕ-ի արևելքում։ Մեր գործողությունները կանխարգելիչ են, համարժեք և սրացում չեն հանդիսանում։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամրապնդել մեր պաշտպանությունը և զսպման միջոցները, որպեսզի պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- նշված է ՆԱՏՕ-ի փետրվարի 16-ի հայտարարությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG