Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր


Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի շարունակվող դիմակայությունը Արևմուտքի հետ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «մտքերի մանրամասն փոխանակում» են անցկացրել «անվտանգության երաշխիքների շուրջ շարունակվող բանակցությունների» վերաբերյալ, որոնք Մոսկվան պահանջում է ԱՄՆ-ից և արևմտյան այլ տերություններից:

Ընդգծվել է Եվրատլանտյան տարածաշրջանում հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքների հետևողականորեն պահպանման կարևորությունը, ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մոսկվայի տեսանկյունից «անբաժանելի անվտանգությունը» նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է խոստանա չընդունել Ուկրաինան և նվազեցնել իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մերժել են այս պահանջները՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի մոտալուտ հարձակման մտավախությունների ֆոնին:

Ռուսաստանը ուկրաինական սահմանի երկայնքով ավելի քան 100,000 զինվոր է կուտակել, սակայն հերքում է նախկին խորհրդային հանրապետություն ներխուժելու մտադրությունը:

Հայաստանը, որը սերտ քաղաքական, ռազմական և տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ, հրապարակայնորեն չի բռնել հակամարտության որևէ կողմ։

Հայաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի հայտարարեց, որ «ուշադիր հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին»` հավելելով, որ Երևանը չի պատրաստվում տարհանել այնտեղ գտնվող հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ի դեպ, հեռախոսազրույցի մասին հայկական կողմի հաղորդագրության մեջ չի հիշատակվում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության թեմայի արծարծման մասին։ Հաղորդվում է, որ նրանք քննարկել են Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների կատարման ընթացքը և Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունները։

XS
SM
MD
LG