«Յաբլոկո» կուսակցությունը ստորագրահավաք է հայտարարել Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի դեմ։
Կուսակցության կայքում հրապարակված դիմումի հասցեատերը Ռուսաստանի ղեկավարությունն է։ Դիմումը ստորագրել են «Յաբլոկո»-ի առաջնորդներ Գրիգորի Յավլինսկին, Լև Շլոզբերգը, Էմիլիա Սլաբունովան և Մոսկվայի Հելսինկյան խմբի համանախագահ Վալերի Բորշչովը։
Ընդ որում, տեքստում գրված է, թե Ռուսաստանի նախագահը պատերազմի է պատրաստվում․ - «Պատերազմը Ուկրաինայի հետ, որին պատրաստվում է Պուտինը, վիշտ կբերի մարդկանց, կկործանի ընտանիքներ, կկործանի հազարավոր կյանքեր։ Այս պատերազմում հաղթել հնարավոր չէ։ Ցանկացած արդյունք աղետ կլինի Ռուսաստանի համար։ Մեզնից յուրաքանչյուրը, ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում և պետք է անի հնարավորը այն կանխելու համար», - մասնավորապես ասված է դիմումում։
Երկրի ղեկավարությանն ուղղված կոչի ներքո ստորագրահավաք կուսակցությունը նախատեսում է կազմակերպել ոչ միայն համացանցում, այլև կուսակցության գրասենյակներում։ Իսկ Ռուսաստանի այն մարզերում և քաղաքներում, որտեղ դա թույլատրված է համավարակի պայմաններում, «Յաբլոկո»-ն նախատեսում է նաև բողոքի ակցիաներ կազմակերպել։
Հունվարի վերջին պատերազմի դեմ մեկ այլ դիմում էլ հրապարակել էր Ռուսաստանի մտավորականների կոնգրեսը։
Արևմտյան հետախուզությունը Ռուսաստանին կասկածում է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում նախապատրաստելու մեջ։ Կիրակի օրը Conflict Intelligence թիմը հայտնեց, թե Ռուսաստանը շարունակում է ռազմական տեխնիկան մոտեցնել Ուկրաինայի հետ սահմանին, հավելելով, որ Առաջին գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումները Վորոնեժի մերձակայքում գտնվող զորավարժարանից առաջ են շարժվել դեպի ուկրաինական սահման։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերին այս բանակի տեխնիկան ժամանել է Վորոնեժից հարավ գտնվող «Պոգանովո» զորավարժարան։
Համացանցում հայտնված մի քանի տեսանյութերում այս բանակի զինտեխնիկան երևում է Բելգորոդի շրջանի կայարաններում։ Conflict Intelligence թիմը նշում է, որ խոսքը ոչ միայն Վորոնեժի մոտ նախկինում գտնվող տեխնիկայի, այլ նաև լրացուցիչ տեխնիկայի մասին է, որը տեղափոխվել է Մոսկվայի մերձակայքից։
Անցած շաբաթ կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է ներխուժել Ուկրաինա Պեկինի ձմեռային Օլիմպիադայի ժամանակ, այսինքն՝ մինչև փետրվարի 20-ը։
Աշխարհի ավելի քան 30 երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Արևմտյան լրատվամիջոցներն էլ հաղորդում են, թե Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան հարձակումը կարող է սկսել փետրվարի 15-ին կամ 16-ին։
Ռուսաստանի իշխանությունները հերքում են մեղադրանքները և դրանք անվանում սադրանք, իսկ Մոսկվայի աջակցությունը վայելող Արևելյան Ուկրաինայի անջատականներն, իրենց հերթին, պնդում են, թե Կիևն է ծրագրում հարձակում։ Կիևը հերքում է և վստահեցնում՝ ռազմական գործողություն Դոնբասում չի ծրագրում։