Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահի որդին՝ նախագահի թեկնածու


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդի Սերդար Բերդիմուհամեդովը, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդի Սերդար Բերդիմուհամեդովը, արխիվ

Թուրքմենստանի իշխող քաղաքական կառույցը՝ Դեմոկրատական կուսակցությունն այսօր երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդուն՝ Սերդարին, առաջադրել է նախագահության թեկնածու:

«Օրիենտ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերդար Բերդիմուհամեդովը ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարում:

Սերդար Բերդիմուհմեդովը 2021 թվականի փետրվարից զբաղեցնում է Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնը և կարգավորում է ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտը:

Մինչ այդ նա զբաղեցրել է Թուրքմենստանի փոխարտգործնախարարի, իսկ ավելի վաղ՝ Ահալի շրջանի (վելայաթի) ղեկավարի պաշտոնը:

Բացի այդ, Սերդար Բերդիմուհամեդովը ժամանակին ղեկավարել է Արդյունաբերության և շինարարական արտադրության նախարարությունը:

Փետրվարի 11-ին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է իր համար «ոչ դյուրին որոշում ընդունելու մասին»:

Ելույթ ունենալով խորհրդարանի՝ Միլի Գենգեշի վերին պալատում` Հալք Մասլախատում, նա ասել է, թե «երկու տարի առաջ հասել է Մուհամադ մարգարեի տարիքին և հանգել է այն եզրակացության, որ պետք է ճանապարհ տալ երիտասարդներին»:

Փետրվարի 12-ին Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 12-ին:

Սերդար Բերդիմուհամեդովից զատ այլ թեկնածուների մասին տեղեկություններ այս պահին չկան:

Նա հայտարարել է, թե «հետևելու է նախնիների հոգևոր սկզբունքներին և նրանց ժառանգությանը և հանուն ժողովրդի բարօրության ու զարգացման ստեղծագործական մոտեցումով կշարունակի ազգի լիդերի պատմական ձեռնարկումները»:

Թուրքմենստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիրը հետխորհորդային Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովն է:

2006 թվականին նրա մահից հետո կուսակցության լիդեր է դարձել ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով 2013-ին կասեցրել է անդամությունը Դեմոկրատական կուսակցությանը:

XS
SM
MD
LG