Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդուն նշանակել է երկրի փոխվարչապետ և Գլխավոր վերահսկիչ պալատի ղեկավար։ 39-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը այսուհետ նաև կմասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին։
Ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը, փոխվարչապետի պաշտոնը ստեղծվել է բոլորովին վերջերս և առաջինը վստահվել նախագահի որդուն։ Մինչ այդ՝ երկու տարի առաջ, հոր որոշմամբ կրտսեր Բերդիմուհամեդովը նշանակվել էր փոխարտգործնախարար, ապա՝ արդյունաբերության գծով նախարար։ Վերջինիս արագ վերելքը փորձագետներին հիմք է տալիս ենթադրելու, որ 63-ամյա Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում է նրան փոխանցել իր՝ նախագահի լիազորությունները։
Ըստ միջազգային կառույցների, Թուրքմենստանը համարվում է ամենաբռնապետական երկրներից մեկն աշխարհում՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության շարունակական խախտումներով։