Մարտի 12-ին Թուրքմենստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով։ Այլ մանրամասներ սպասվող ընտրությունների մասին հայտնի չեն։
Թուրքմենստանի երկարամյա առաջնորդը անցնող շաբաթ ելույթ ունենալով Halk Maslahaty-ի՝ խորհրդարանի վերին պալատի արտահերթ նիստում հայտարարել է, որ երիտասարդ ղեկավարներին տեղ տալու մասին բարդ որոշում է կայացրել։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ինքն արդեն երկու տարի առաջ հասել է մարգարեի տարիքին՝ 63 տարեկան։
2007 թվականից Թուրքմենստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բերդիմուհամեդովի այս հայտարարությունը փորձագիտական շրջանակներում դիտարկում են որպես պաշտոնը թողնելու մասին ակնարկ։ 2016 թվականին Թուրքմենստանի խորհրդարանը չեղարկել է նախագահական ժամկետի սահմանափակումները, իսկ սահմանադրական փոփոխություններով էլ նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձել է յոթ տարի։ Այժմ ենթադրություններ են հնչում, որ Բերդիմուհամեդովը կարող է իշխանության ղեկը փոխանցել միակ որդուն, որը, չնայած երիտասարդ տարիքին, շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել։
Փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովին ամիսներ առաջ հանձնարարվել է վերահսկել բնական պաշարներով հարուստ երկրի նավթագազային համալիրները։ Իսկ կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնում նախագահի որդին համակարգում է կառավարության տնտեսական բլոկի և երկրի ֆինանսական ոլորտի գործունեությունը։
Վերջին երեք տարիներին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 40-ամյա որդին հասցրել է մի շարք այլ ազդեցիկ պաշտոններ զբաղեցնել՝ աշխատելով որպես արդյունաբերության նախարար, Ախալի երկրամասի նահանգապետ և արտաքին գործերի նախարարի տեղակալ։