Մատչելիության հղումներ

Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» վաճառվել է 5 միլիարդ դրամով 


Գրեթե 2,5 տարվա ջանքերից հետո կառավարությանը վերջապես հաջողվեց վաճառել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը։ Գնորդը ալյուրի, ձվի արտադրությամբ, շինանյութերի մեծածախ առևտրով և բեռնափոխադրումներով զբաղվող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունն է։

Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ը նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք Մաքսային պետական կոմիտեն յոթ տարի ղեկավարած Արմեն Ավետիսյանը 2019-ին նվիրեց պետությանը։ Ավետիսյանի մոտ նման ցանկություն էր առաջացել, երբ ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց նրա կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման առթիվ: «Գոլդեն փելես»-ի նվիրատվությունից հետո գործը կարճվեց։

Այժմ վաճառքի արդյունքում շուրջ 20 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենք-շինության ու 1,3 հեկտար հողատարածքի դիմաց պետբյուջե է փոխանցվելու 5 միլիարդ դրամ կամ 10,3 միլիոն դոլար, ինչը, սակայն, 1/3-րդով պակաս է սկզբնական գումարից, որը կառավարությունը պահանջում էր «Գոլդեն փելես»-ի համար, երբ 2019 թվականի նոյեմբերին առաջին անգամ այն հանվեց աճուրդի։ Այն ժամանակ վաճառքի մեկնարկային գինը մոտ 7,5 միլիարդ դրամ էր։

Ծաղկաձորում անշարժ գույքն ավելի արագ է թանկացել, քան Երևանում

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Ծաղկաձորում, ուր անշարժ գույքը Երևանից հետո ամենաթանկն է Հայաստանում, անցած տարվա դեկտեմբերին՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ տների գներն աճել են 16,4 տոկոսով։

Ծաղկաձորյան բնակարանների գները հավասար են Երևանի կենտրոնից դուրս գտնվող տների գներին, սակայն նախորդ երկու տարիների ընթացքում Ծաղկաձորում անշարժ գույքն ավելի արագ է թանկացել, քան Երևանում. նախորդ երկու տարիներին մայրաքաղաքի 11 վարչական շրջաններց ամենից շատ բարձրացել են Արաբկիրի տների գները՝ 10,4 տոկոսով։

Առնակ Ավետիսյան
Առնակ Ավետիսյան

Թե նման թվերի պարագայում կառավարությունն ինչո՞ւ որոշեց նվազեցնել Ծաղկաձորի «Գոլդեն փելեսի» գինը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ, ծնունդով Կոտայքի մարզից Առնակ Ավետիսյանը այսօր «Ազատությանը» պարզաբանեց՝ գնորդ չլինելու պատճառով։ «Գոլդեն փելեսը» յոթ անգամ աճուրդի է հանվել, սակայն հայտեր չկային։

«Հաշվի առնելով նաև նախորդ յոթ աճուրդների անհաջող փորձը՝ կառավարությունը որոշում է կայացրել ավելի մեղմացնել մրցույթի պայմանները, մասնավորապես, մեկնարկային գինը գնահատված արժեքից որոշակիորեն ավելի ցածր դնելով: Սակայն գույքի գնահատված արժեքի մասով կարող եմ նշել, որ գնահատումը մասնագիտական և լիցենզավորվող գործունեություն է և գույքի շուկայական գնահատումն իրականցվում է համապատասխան մասնագետների կողմից: Եվ դրա վրա որևէ ազդեցություն կառավարությունը որպես այդպիսին չունի և չի կարող ունենալ», - ասաց Ավետիսյանը:

Գնահատումն իրականացրել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ենթարկվում է հենց Ավետիսյանի գլխավորած կառույցին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երեկվա հաղորդագրության համաձայն, անցած տարվա հոկտեմբերին հյուրանոցային համալիրը գնահատվել է 5,6 միլիարդ դրամ, ևս 305 միլիոն դրամ՝ ներսում առկա շարժական գույքը։

Այս անգամ վաճառքի կարգն է փոխվել, և «Գոլդեն փելես»-ը վաճառվել է ոչ թե աճուրդով, այլ մրցույթով, և ողջ գույքի վաճառքի գին է սահմանվել գնահատվածից ավելի ցածր գումար՝ 5 միլիարդ դրամ։ Ընդ որում, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը այն վճարելու է մաս-մաս՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

Միաժամանակ, մրցույթի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավորվել է առաջիկա հինգ տարիներին կատարել 4,5 միլիարդ դրամ ներդրում, ստեղծել առնվազն հարյուր աշխատատեղ։

«Այո, մենք արդեն ուսումնասիրել ենք մրցույթի հաղթողի կողմից ներկայացված ներդրումային առաջարկը, շինությունը ծառայելու է իր նախկին ուղղությամբ, որպես հյուրանոցային համալիր, համաձայն ներդրողի կողմից ներկայացված ներդրումային ծրագրի», - նշեց Առնակ Ավետիսյանը:

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում է

«Ազատությանը» չհաջողվեց մեկնաբանություն ստանալ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ից։

Նարեկ Նալբանդյանը. լուսանկարը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ի ֆեյսբուքյան էջից
Նարեկ Նալբանդյանը. լուսանկարը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ի ֆեյսբուքյան էջից

Արդարադատության նախարարության պետռեգիստրի և ՊԵԿ-ի տվյալների համաձայն, ընկերությունը հիմնադրվել է քսան տարի առաջ, իրավաբանական հասցեն Մասիս քաղաքում է, ամբողջական սեփականատերը՝ 34-ամյա Նարեկ Նալբանդյանն է, ում պատկանում են նաև մի շարք ընկերություններ այդ թվում՝ «Նոր Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, «ՆՆ Տրանս»-ն ու «Թռաքս սերվիս»-ը, իսկ «Եղվարդի համակցված կերեր»-ում նրան է պատկանում բաժնետոմսերի կեսը։

2021 թվականի արդյունքներով «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն Հայաստանի 357-րդ խոշոր հարկատուն է. անցած տարի պետբյուջե է վճարել ավելի քան 651 միլիոն դրամ։

Հայաստանի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջից՝ Azdarar.Am-ից տեղեկանում ենք, որ ավելի քան 39 միլիոն դրամի չկատարված հարկային պարտավորությունները գանձելու համար՝ Պետեկամուտների կոմիտեն 2020-ի հոկտեմբերին վարչական վարույթ է հարուցել և ծանուցագիր ուղարկել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը։

Սակայն կառավարության հետ Նարեկ Նալբանդյանի գլխավորած ընկերությունն ունի նաև հաջող համագործակցության օրինակ։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ի համար երեք տարի ժամկետով հետաձգեց ներմուծվող ապրանքների դիմաց ավելացված արժեքի հարկի վճարումը և նշված ծրագրի շրջանակում ընկերությանը ազատեց մաքսատուրքի վճարից, քանի որ գերակա ճանաչված ոլորտում ընկերությունը 2.5 միլիարդ դրամ ներդրում էր կատարել և ներմուծելու էր 200 հատ բեռնատարներ՝ կիսակցորդիչներով:

Լուսանկարը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ի ֆեյսբուքյան էջից

Կոտայքի մարզի Արգել համայնքում գրանցված Նարեկ Նալբանդյանին տեսնում ենք նաև Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ի ֆեյսբուքյան հրապարակման համաձայն, անցած տարվա օգոստոսին՝ այդ ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին ընկերության հիմնադիր տնօրեն Նարեկ Նալբանդյանը ներկայացնում է Սևանում հանրային լողափերի բարեկարգումների վերջնական արդյունքը։

XS
SM
MD
LG