Մատչելիության հղումներ

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը


Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը: Որոշումը հաստատվեց այսօր կառավարության նիստի ընթացքում: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող գույքի նվիրատվությունը ենթադրում է ավելի քան 7 միլիարդ դրամ գնահատված շենք-շինությունները, դրանց սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև ներսում առկա շարժական գույքը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

«Հաշվի առնելով, որ հյուրանոցային համալիրում առկա է 3 հազար 257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը 312 միլիոն 889 հազար դրամ, իսկ պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի պահառության համար Հայաստանի Հանրապետության բյուջեով գումարներ հատկացված չեն, նախագծով առաջարկվում է գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը», - նշեց Պապաիկյանը։

Կառավարությունում դեռ որոշում չկա գույքի հետագա ճակատագրի վերաբերյալ: Քննարկվում է երեք տարբերակ՝ օտարել, վարձակալության տալ կամ հավատարմագրային կառավարման հանձնել: Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ «Գոլդեն Փելես»-ով հետաքրքրված են, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ապրող գործարարները:

«Ես կոչ եմ անում, որ բոլոր հետաքրքրվողները ներկայացնեն իրենց առաջարկները անկախ ամեն ինչից և կքննարկվի բոլոր տարբերակները՝ թե՛ օտարման սակարկությունների միջոցով և թե՛ հավատարմագրային տալու մրցույթի», - ասաց Բաբայանը։

Ոստիկանությունն հաշվարկել է, որ գույքի պահպանության համար անհրաժեշտ է ամսական շուրջ 6,5 մլն դրամ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց՝ այդ պարագայում ոստիկանությանը պետք է լրացուցիչ հատկացում կատարել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ մինչ տարեվերջ պետք է հասկանալ գույքի հետագա օգտագործման ճակատագիրը:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պետությանը նվիրատվություն կատարելու ցանկության մասին առաջինը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Իսկ նման ցանկություն Արմեն Ավետիսյանի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցեց Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու, այսինքն՝ փողերի լվացման դեպքի առթիվ: ԱԱԾ-ն, մասնավորապես, հայտարարեց, որ ստուգում է Ավետիսյանի ընտանիքի կառուցած երեք «Գոլդեն Փելես» հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման աղբյուրը:

Նվիրատվության ցանկությունը ժամանակին Փաշինյանը այսպես էր բացատրել. «Կա քրեական գործ հարցված, բայց ըստ ամենայնի, նրանք նաև հնարային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար թերևս նրանք այսպիսի քայլի են դիմել։ Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է մենք անենք, մենք պետք է այդ հյուրանոցը հանենք աճուրդի հրապարակային։ Գնահատում եմ, որ դա կարող է ընդհուպ մինչև 10-15, ասում են նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենալ և այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»։

Մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով մինչև օրս անգամ մեղադրյալներ չկան, իսկ թե ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ քրեական գործը, ԱԱԾ-ից այսօր էլ չեն հստակեցնում:

Հիշեցնենք, պետությանը նվիրատվություն կատարելու մասին հայտնել էր նաև վեց ծանր հոդվածներով մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Գործընթացը ավարտին չի հասցվել ընթացող դատավարության պատճառով:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հույս հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի ընդունումից հետո նվիրատվություն կատարողների թիվը կմեծանա:

«Կտրուկության չափը չեմ կարող ասել, բայց կավելանա, վստահ եմ», - ասաց Բաբայանը։

Նախագիծը քննարկման է դրվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, այս պահի դրությամբ, քաղաքացիների 68 տոկոսը կողմ է արտահայտվել դրան, 32-ը՝ դեմ:

XS
SM
MD
LG