Մատչելիության հղումներ

Ծաղկաձորի հյուրանոցների աշխատակիցները վստահեցնում են՝ խուճապ չկա


Նոր կորոնավիրուսով վարակված Հայաստանի Հանրապետության քաղաքացին և նրա հետ շփումների մեջ մտած ավելի քան 30 անձ այս պահին գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Նրանք մեկուսացված են, ոստիկանները հսկողություն են իրականացնում, չեն թողնում մոտենալ հյուրանոցին։

Մեկուսացվածներին պարբերաբար այցելում են մասնագետները և ինչպես արդեն երկու օր է նշում են պատկան մարմինները և վարչապետը՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ այս պահին որևէ ախտանշան չկա, նա ջերմություն չունի։

Բարձր դիրք ունեցող այս հյուրանոցն այժմ պետությանն է պատկանում։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հյուրանոցի ներսից տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես են հատուկ հանդերձանքով մասնագետները մեկուսացվածներին սնունդ բաժանում։

Վարչապետի խոսքով՝ մեկուսացվածների համար պիտի արժանապատիվ պայմաններ ապահովեն։

Մամուլում որոշ հրապարակումներ հայտնվեցին, թե Ծաղկաձորում խուճապ կա, մարդիկ հյուրանոցներում ամրագրված տեղերը չեղարկում են, որոշները պնդում էին, որ մարդիկ փախչում են հանգստավայրից։

Ծաղկաձորի հյուրանոցների աշխատակիցները «Ազատության» հետ զրույցում վստահեցրին՝ խուճապ չկա, թեև նախապես համարներ պատվիրածները չեղարկում են դրանք։

Հյուրանոցներից մեկի վաճառքի մենեջեր Խաչատուր Մովսիսյանն ասաց՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո 7 չեղարկում են ունեցել։

«Հիմնականում տոների հետ կապված մարտի 7-ին, 8-ին, որ պետք է միջոցառում կազմակերպվեր ու ամրագրումներ ի սպառ չկան այս պահին, ոչ մի ամրագրում չկա, զանգ էլ չկա, նույնիսկ հարցում էլ չկա», - ասաց Մովսիսյանը։

Մեկ այլ հյուրանոցի ներկայացուցիչ Սաթենիկ Միրզոյանի խոսքով՝ չեղարկվել է ամրագրումների 30 տոկոսը։ «Օրերը տոնական են, այսինքն՝ սպասում ենք մարտի 7-8 մեծ հոսք, բայց, ցավոք, հանվում են, քչանում են հյուրերի քանակը», - նշեց Միրզոյանը։

Հյուրանոցային ոլորտում աշխատող Մարիանա Բեգլարյանն էլ ընդգծում է՝ մեծ փոփոխություն չի զգում, քանի որ ավարտվում է ձմեռային հանգստի սեզոնը։

«Մի երեք հատ ամրագրումից հրաժարվել են էս օրերի հետ կապված», - ասաց Բեգլարյանը։

XS
SM
MD
LG