Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայությունը դրական ակնկալիքներ ունի հայ-թուրքական բանակցային նոր գործընթացից


Թուրքական «Հյուրիյեթ»-ը զրուցել է պոլսահայ համայնքի հայտնի գործիչների հետ նրանց սպասելիքների մասին:

Մոսկովյան հանդիպմամբ մեկնարկած հայ-թուրքական բանակցային նոր գործընթացից դրական ակնկալիքներ ունի նաև Թուրքիայի հայությունը:

Թուրքական «Հյուրիյեթ»-ը զրուցել է պոլսահայ համայնքի հայտնի գործիչների հետ նրանց սպասելիքների մասին: Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կարծիքով, Թուրքիայի հայերը ուրախ են, որ Երևանն ու Անկարան կարգավորմանը ուղղված քայլեր են ձեռնարկում: Նա նշել է, որ ներդրումային և մշակութային առումով շատ արժեքավոր են այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են հին պատմություն ունեցող երկու հարևան երկրների միջև հարաբերությունների հաստատմանը:

«Ստամբուլի հայության համար էլ ծայրաստիճան կարևոր է, որ երկու հասարակությունները իրար ճանաչեն, կարողանան միասին աշխատել, ներդրումներ անել և այս համատեքստում մշակութային հարուստ արժեքների հանդիպումը կօգնի հարաբերությունների օրեցօր բարելավմանը», - ասել է պատրիարք Մաշալյանը:

Համայնքային գործիչներից Ստամբուլի Քարագյոզյան հիմնադրամի խորհրդի նախագահ, պոլսահայ գործարար Տիգրան Գյուլմեզգիլը «Հյուրիյեթին» ասել է, թե այսուհետ Թուրքիան ամեն հարցում պետք է ձեռք մեկնի Հայաստանին: Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման փորձերը դրական զարգացում են, և «Թուրքիան պետք է Հայաստանին վերաբերվի մեծ եղբոր պես»:

Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եթվարդ Դանզիկյանը լավատեսական է համարում Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցության վերաբացումը: Նրա խոսքով, սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարգավորման ճանապարհին առաջին քայլը կլինի: Հաջորդով հարաբերությունները պետք է ավելի ընդլայնվեն:

Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ, պոլսահայ բժիշկ Թորոս Ալջանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությունը դրական, բայց ուշացած քայլ է: Նա կարևորում է, որ կողմերը այժմ բարեկամական հռետորաբանություն ունեն, և հույս ունի, որ պատերազմների փոխարեն խաղաղության դռներ կբացվեն:

Նույն հոդվածում «Հյուրիյեթը» նաև թուրքական ակադեմիական շրջանակներից է հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն հայ-թուրքական երկխոսության մասին։ Հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի համոզմամբ, Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության չէր գնում՝ հաշվի առնելով Ադրբեջանի համար խնդրահարույց հարցերը. - «Այժմ իրավիճակը փոխվել է և հարաբերությունների հաստատման ճանապարհի խոչընդոտներից մեկը՝ Ղարաբաղի հարցը, վերացել է»:

Օրթայլըն կարծում է, որ այս մերձեցումը դրական է և գնալով ավելի լավ է լինելու:

Ստամբուլի Այդըն համալսարանի և Սաքարիայի համալսարանի պրոֆեսորներ Ահմեդ Քասըմ Հանը և Նեջմեթթին Ալքանը ևս համոզված են, որ հարաբերությունների կարգավորումից երկու կողմն էլ կշահի:

Բայց, թուրք պրոֆեսորների կարծիքով, սահմանների բացումն ու դիվանագիտական, տնտեսական կապերի հաստատումը ավելի շատ Հայաստանին է պետք: Հարևանների հարաբերությունների բարելավումը, նրանց կարծիքով, կհանգեցնի նաև հասարակությունների մերձեցմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG