Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, այդ մասին խոսել է նաև Հայաստանի ղեկավարը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հրավիրյալները կարող են մասնակցել ֆորումին: Գոհ կլինենք: Քանի որ Ադրբեջանն էլ է մասնակցելու: Այս հարթակում թող Ադրբեջանն էլ իր մտքերը հայտնի, Հայաստանն էլ: Ըստ էության, սա կլինի վստահության բարձրացմանը ուղղված քայլերի մի մասը», - ասել է Չավուշօղլուն:
Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանը հրավիրվել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցեցին, որ ստացել են ֆորումին մասնակցելու հրավերը, և քննարկվում է միջոցառմանը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության նպատակահարմարությունը։
Երկուշաբթի օրն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։