Մատչելիության հղումներ

Բլինքեն. «Ուկրաինայի վրա հարձակումը Ռուսաստանի համար կունենա ահռելի հետևանքներ»


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, Վաշինգտոն, 27 հունվարի, 2022թ.
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, Վաշինգտոն, 27 հունվարի, 2022թ.

Պետական քարտուղարը տեսակապով պատասխանել է «Ազատ Եվրոպա» - «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը «Ազատ Եվրոպա» - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում Ռուսաստանի համար կլինեն ահռելի հետևանքներ»:

Բլինքենը ռուսական կողմին կոչ է անում չընտրել ագրեսիայի ճանապարհը և ներգրավվել դիվանագիտական ջանքերով Ուկրաինայի սահմանի մոտ առկա ճգնաժամը կարգավորելու գործընթացում:

Պետքարտուղարի փոխանցմամբ, Վաշինգտոնում տակավին չգիտեն, թե որն է Մոսկվայի «վերջնախաղն» Ուկրաինայի հակամարտության կամ Եվրոպայի ներկայիս անվտանգության կառուցվածքի վերակազմավորմանն ուղղված ձգտումներում:

«Ես պնդում եմ, որ միակ մարդն, ով կարող է ասել, թե որն է Կրեմլի «վերջնախաղը»՝ նախագահ Վլադիմիր Պուտինն է, չեմ կարծում, թե էլի կա մեկն, ով դա կիմանա: Եվ գուցե նա էլ դեռ չգիտի, որովհետև այն, ինչ ինքն արել է անցյալում և այն, ինչ, իմ կարծիքով, աշխուժացնում է նրա մոտեցումները՝ հնարավորինս շատ տարբերակներ ստեղծելն է, և դրանցով է պայմանավորվում հետագա ընթացքը»,- ասել է Բլինքենը:

Նախօրեին Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին:

Արևմուտքը մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը բացառելու Ռուսաստանի պահանջը, սակայն նկատել է տվել, որ պատրաստ է ըմբռնել Ռուսաստանի մտահոգությունները և շարունակել անվտանգության հարցերի շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը:

Ռուսաստանը վերջին շրջանում մոտ 100 հազարի հասնող զորախումբ է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին: Կիևում և արևմտյան երկրների մայրաքաղաքներում չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա:

Մոսկվան կտրականապես հերքում է հնարավոր հարձակմանը պատրաստվելու մասին տեղեկությունները:

XS
SM
MD
LG