Մատչելիության հղումներ

«Պետք է ամեն ինչ անենք, որ երկիրը մեկուսացումից դուրս գա»․ նախարար


Հայաստանի գլոբալ մրցունակության ամենամեծ պրոբլեմներից մեկը մեկուսացած լինելն է, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կարևորելով երկիրը մեկուսացումից հանելը։

«Ճանապարհների ապաշրջափակում արտահայտությունը դա նույնն է, ինչ երկիրը մեկուսացումից հանել, և եթե մենք կարողանանք դա խելացի և բարեհաջող կերպով անել, մեր երկրի մրցունակությունը կտրուկ կբարձրանա, մեր երկրի ընկերությունների մրցունակությունը կտրուկ կբարձրանա, մեր երկրի մարդկանց մրցունակությունը ևս կտրուկ կբարձրանա և մարդիկ կսկսեն անհամեմատ ավելի բարեկեցիկ ապրել», - ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ եթե թուրքական ընկերությունները կարողանան աշխատել Հայաստանում, վճարել հարկեր, բիզնես ունենալ, ստեղծել աշխատատեղեր, ապա դա պետք է տեղի ունենա, և նույնն էլ տեղի կունենա Թուրքիայում։

Նշելով, որ թուրքական շուկան Հայաստանին մոտ ամենախոշոր շուկաներից մեկն է՝ նախարարն ընդգծեց՝ պետք է, օրինակ, վաճառել, կամ մեծ մասշտաբների արտահանում անել նաև Թուրքիա։

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են առաջիկայում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը վերագործարկելու մասին։ Հայաստանի կառավարությունը հատուկ խումբ է ստեղծել՝ երկաթուղու վերականգնման համար: Աշխատանքային խումբը կղեկավարի Իրանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները, դեռ հայտնի չէ։

Հարցին, թե նախնական դիտարկմամբ, երկաթուղու վերագործարկումը շահավե՞տ է՝ հաշվի առնելով վերակառուցման համար անհրաժեշտ մեծ գումարները, Քերոբյանը պատասխանեց․ - «Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի ներսում ներդրումների ծավալն այդքան մեծ չէ՝ մոտ 200-220 միլիոն դոլարի մասին է խոսքը, և դա այսօրվա մեր ՀՆԱ-ի համեմատ մեծ գումար չէ՝ մոտ 1,5 տոկոսն է մեր ՀՆԱ-ի, և նախագիծն էլ մի օրվա նախագիծ չէ, դա տևելու է տարիներ։ Բայց, գլոբալ տեսանկյունից, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկիրը մեկուսացումից դուրս գա և պետք է կարողանանք լինել ոչ թե փակուղում, այլ խաչմերուկում՝ կարողանանք նաև տրանզիտներից գումար աշխատել, մասնակցել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքներին, նախագծերին և այլն»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG