Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի հիշատակի օրը այս տարի նշվում է «15 կիսատ տարի» կարգախոսով


Այսօր հազարավոր մարդիկ արդարության պահանջով հավաքվել էին «Ակօսի» նախկին խմբագրության շենքի դիմաց հարգելու նրա հիշատակը:

Պոլսահայ նշանավոր մտավորական, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 15 տարի անց էլ Թուրքիայում նրան չեն մոռացել: Այսօր էլ հազարավոր մարդիկ արդարության պահանջով հավաքվել էին «Ակօսի» նախկին խմբագրության շենքի դիմաց հարգելու նրա հիշատակը: Այս տարվա կարգախոսն է «15 կիսատ տարի»:

2007-ին թուրք ազգայնականի կողմից սպանված Դինքի մտերիմ գաղափարակից, թուրք կինոռեժիսոր Ումիթ Քըվանչի կարծիքով, Թուրքիան Դինքի մահով շատ բան կորցրեց. - «Մենք միայն Հրանտին չկորցրեցինք, այս ընթացքում շատ այլ բաներ էլ կորցրեցինք: Սակայն հանրության մեջ դիմադրություն կա, հույս ունենք մի շարք իրավունքներ ավելի ամուր կերպով կարող ենք հետ ստանալ և պայքարում ենք դրա համար: Հրանտի մահը շատ մեծ կորուստ էր, քանի որ նա և' հայերի, և' թուրքերի համար ընդունելի ապագա կառուցելու, միասին ապրելու ճանապարհները փնտրելու հնարավորություն էր առաջարկում՝ առանց անտեսելու անցյալի մեծ հանցանքները, մեղքերն ու ցավերը: Ես ու ինձ նման շատերը կորցրեցինք մեր ընկերոջը, որին շատ սիրում ու կարևորում էինք: Սակայն Թուրքիան կորցրեց իրեն պատշաճ ելքի ճանապարհ ցույց տվող իր հայրենակցին: Մեզ համար մեծ կորուստ է, նրա տեղը հնարավոր չէ լրացնել: Հիմա ավելի թերի ու վատ վիճակում ենք: Այս տարի նրան հիշում ենք «15 կիսատ տարի» կարգախոսով»:

Օրերս ցուցադրվեց Ումիթ Քըվանչի «Հիշողությունը չափազանց քիչ է բառերի համար» ֆիլմը, որտեղ նա ներկայացրել է Դինքի խոսքերը գույների, ձևերի և հնչյունների միջոցով։ Քըվանչի կարծիքով, Դինքի սպանության պատճառ դարձած գաղափարները հիմա էլ կենդանի են Թուրքիայում, չնայած գերիշխող չեն. - «Այս մտայնությունը Թուրքիայում միշտ կենդանի է, պետության զարկերակն է։ Հրանտի շատ գաղափարներին մարդկանց մեծ մասը կարող էր ընդդիմանալ, հայկական հարցից մարդիկ հիմնականում վախենում են, խուսափում են նույնիսկ շոշափել այդ թեման: Բայց Դինքի սպանությանը հավանություն տվողները այնքան էլ շատ չեն, ինչպես թվում է: Այն ժամանակ էլ շատ չէին, հիմա էլ: Շատ հարցերի շուրջ բանավեճ կա, մեր պատմությունը բազմաթիվ ստերի վրա է հիմնված և վախ կա, որ այդ կեղծիքը կբացահայտվի և պաշտոնական թեզերը կխարխլվեն: Այդ մտածելակերպը Թուրքիայի հիմքն է: Երբեմն այն շատ կողմակիցներ ունի, երբեմն էլ մնում լոկ որպես խոսք: Բայց նեղն ընկնելիս կարող է զենքը ձեռքը վերցնել ու հանցանք գործել: Ցավոք, մի փոքրամասնություն, որին չես կարող անտեսել, նման մտածելակերպ ունի: Չեմ կարող ասել, որ հասարակության մեծ մասը այդ կարծիքին է, բայց միշտ էլ կա ծայրահեղ հայացքներով փոքրամասնություն, որը ուժեղ է, զինված և կարող է անել մտքին դրածը, քանի որ ունի պետության աջակցությունն ու հովանավորությունը»:

Հրանտ Դինքը հավատում էր հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը և ողջ կյանքի ընթացքում պայքարում էր խաղաղության համար: Նա համոզված էր, որ կողպված պատմության բանալին ժողովուրդների երկխոսությունն է: Ումիթ Քըվանչը ևս կիսում է այդ կարծիքը. - «Անկասկած, այդպես կլինի, եթե երկու ժողովուրդները կարողանան ազատորեն հանդիպել, շփվել: Բայց ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդիկ շատ հեշտ կարող են իրար հասկանալ, փորձը դրա մասին է վկայում: Սակայն Թուրքիայում պետական քաղաքականություն դարձած և մարդկանց գիտակցության մեջ ներարկված մտայնություն կա, թե մենք կկործանվենք, եթե չժխտենք այդ փաստը: Կարծում եմ խնդրի էությունը այստեղ է: Եթե Թուրքիայից լավ մտադրություն ու այդ բեռը կիսելու ցանկություն տեսնեն, Հայաստանից էլ ընդառաջ կգնան: Ամեն երկրում էլ վատ մարդիկ կան, ամեն հասարակություն իր ֆաշիստներն ունի: Բայց կարող են թույլ չտալ, որ նրանք որոշեն մեր ապագան»:

15 տարի առաջ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Ակօսի» խմբագրության դիմաց 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցներից: Չնայած սպանության գործով մի շարք դատապարտվածներ կան, բայց Դինքի ընտանիքը այօսր էլ պնդում է, որ իրական մեղավորները բացահայտված չեն:

Ումիթ Քըվանչի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG