«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության ընթացքում հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք կարևոր մանրամասներ են բացահայտում պետական մարմինների, մասնավորապես թուրքական հետախուզության գործողությունների մասին: Հայտնաբերված փաստաթղթերից մեկը, որը թվագրված է 1997 թվականով, ցույց է տալիս, թե ինչու Դինքը տարիներ շարունակ չի կարողացել անձնագիր ստանալ:
«Ակոս» պարբերականի հաղորդմամբ, Դինքը շուրջ 25 տարի բազմիցս դիմել է Անվտանգության վարչություն, որպեսզի անձնագիր ստանա, սակայն նրա դիմումները մերժվել են: Այժմ ի հայտ եկած գաղտնի փաստաթղթից պարզ է դառնում, որ Անվտանգության վարչությունը 1990-ականներից ի վեր ուշադիր հետևել է Դինքի ամեն քայլին` թիրախավորելով նրան: Բացի այդ, թուրքական հետախուզության ուշադրության կենտրոնում է գտնվել այն ժամանակվա Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ, ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը` որպես հայ ազգայնական:
«Ֆըրաթ Դինք անունով անձը հայանպաստ գործունեություն ծավալելու պատճառով մեր թիրախների շարքում է: Տեղեկություն կա, որ նա Ստամբուլում լույս ընծայվող և հայերի կողմից հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն է և մտերիմ հարաբերություններ ունի Հայոց պատրիարքարանում ծառայող, հայ ազգայնական դիրքորոշմամբ հայտնի պատրիարքի օգնական, Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ»,- գրված է հայտնաբերված գաղտնի փաստաթղթում:
«Ակոս»-ը հայտնում է, որ դատարանը պահանջել էր վերոնշյալ փաստաթուղթը, երբ անցած տարի Դինքի սպանության գործով մեղադրանք առաջադրվեց շուրջ երկու տասնյակ պետական պաշտոնյաների:
Բացի այդ, Դինքի սպանության գործին առնչվող ևս մեկ ուշագրավ փաստաթուղթ է հայտնաբերվել: Պարզվել է, որ թուրքական հետախուզությունը հանցագործությունից անմիջապես հետո սկսել է հետաքրքրվել Դինքին սպանած Օգյուն Սամասթի և սպանության պատվիրատու Յասին Հայալի ծագմամբ: Անվտանգության գլխավոր վարչության մանրակրկիտ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Յասին Հայալի և Օգյուն Սամասթի ընտանիքներում կրոնափոխության դեպքեր կամ ոչ մահմեդական անդամներ չկան:
Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց հանցագործությունը ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպան Օգյուն Սամասթը հայտնաբերվել և դատապարտվել է։ Դինքի ընտանիքն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրավորված է եղել հանցավոր խմբավորման կողմից։ Նրանք պահանջում են հայտնաբերել և պատժել հանցագործության իրական մեղավորներին: