Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել են Դինքի սպանության գործով դատական նիստերը


Ստամբուլում նշում են Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցը, 19-ը հունվարի, արխիվ
Ստամբուլում նշում են Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցը, 19-ը հունվարի, արխիվ

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում այսօր մեկնարկել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերի հերթական շարքը: Այս մասին հաղորդում է «Ագօս» պարբերականը: 83 կասկածյալ, այդ թվում՝ ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցներ ներառող դատական գործով նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 3-ին, 5-ին և 6-ին:

Դինքի ընկերները, որոնց թվում են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը և Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրքուլուն, այսօր դատարանի շենքի մոտ հավաքվածների առջև հայտարարել են. «10 տարի 3 ամիս շարունակվող դատական գործում դեռ շատ հեռու ենք արդարությունից»: Նրանց պնդմամբ՝ Դինքի սպանությանն առնչվող բոլոր անձինք մինչ օրս չեն կանգնել արդարադատության առջև:

2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով սպանված ստամբուլահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի ընկերները հանցագործությունից ավելի քան 10 տարի անց «Հրանտի համար, արդարության համար», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Դինք ենք» վանկարկումներով կրկին հայտարարում են՝ շարունակելու են հետևել դատական գործին, քանի դեռ սպանությունը չի բացահայտվել:

Դինքի սպանության գործով տասնամյա դատական գործընթացը կարելի է պայմանականորեն երկու փուլի բաժանել: Հանցագործությանը հաջորդած հինգ տարիների ընթացքում սպանության անմիջական իրականացնողների հայտնաբերումից բացի քննությունն այլ արդյունք չարձանագրեց։ Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում իշխանության և գյուլենական կառույցի միջև ծագած անհաշտությունը, նաև անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը «Ագօսի» խմբագրի սպանությանն առնչվող բազմաթիվ էական հանգամանքներ բացահայտեց։

Թուրքական ոստիկանության, պետական այլ գերատեսչությունների տասնյակ աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին՝ Դինքի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով։ Ստամբուլահայ մտավորականի ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբաններն այսօր էլ պնդում են, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձին, չեն կանխել այն։ Արդեն 10 տարի է՝ նրանք պահանջում են բացահայտել ու դատապարտել Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG