«Ազատության» հարցման ի պատասխան, Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ վերջին պաշտոնական տվյալներով, պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3809 զինծառայող և քաղաքացիական անձ։
Դատաբժշկական կենտրոնում դեռ շարունակվում են նույնականացման աշխատանքները։ Այստեղ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում պարզվում է զինծառայողի ինքնությունը։ Ավելի վաղ զոհվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող կոմիտեն հայտնել էր, որ արտերկիր է ուղարկվել 100 վնասված փորձանմուշ, որոնցից չեն նույնականացվել 5-ը։
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակ շրջում են դիահերձարաններով, հետևում ԴՆԹ փորձաքննությունների ընթացքին, անձամբ մասնակցում են որոնողական աշխատանքներին։ Նրանցից ոմանք չեն ցանկանում ԴՆԹ թեստ հանձնել. չեն վստահում արդյունքներին, հավատում են իրենց զավակների վերադարձին, վստահ են, որ նրանք գերեվարվել են։
Հարազատները սակավախոս են, հարցազրույցից խուսափում են, ասում են միայն՝ ամենածանրը սպասումն ու անորոշությունն է, չգիտես որդիդ որտեղ է, ինչ վիճակում, ինչի կարիք ունի։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները վերջին շրջանում իրականացվում են ոչ հաճախ, բավականին մեծ ընդմիջումներով։
Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասում է՝ ընդհատումների պատճառը նաև սահմանային հաճախակի լարվածությունն է, որ ազդում է որոնումների պարբերականության վրա. - «Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը լարված էր, նաև ռազմական գործողություններ կային հայ-ադրբեջանական սահմանին։ Անընդհատ այդ լարվածության ֆոնին որոնողական աշխատանքներ բնականաբար հնարավոր չէր իրականացնել։ Հիմնական պատճառը թերևս այն է, որ իրենք են առաջարկում, որ այդ պահին հնարավոր չէ իրականացնել որոնողական աշխատանքները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական փրկարարի համազգեստով կլինի, զինվորական համազգեստով, այսինքն՝ հայերի ներկայությունը այդ պահին տեղին չի լինի»։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարությունից հետո մեկնարկած որոնողական աշխատանքների ընթացքում մարտական գործողությունների տարածքում հայտնաբերվել է 1706 աճյուն։ Այժմ որոնողական աշխատանքներն արդեն գրեթե արդյունք չեն տալիս, պատերազմից մեկ ու կես տարի անց Արցախում արդեն շատ հազվադեպ են հայտնաբերվում զինվորների աճյուններ. - «Քանի որ այն տարածքներում, որտեղ իրականացվում է՝ հարավային թևում կլինի, թե հյուսիսային թևով, հատվածում, աշխատանքները արդյունք չեն տալիս, որովհետև այդ տարածքներում բազմիցս ենք եղել։ Իհարկե, տարածքը շատ մեծ է, շառավիղը լայն է, բայց շարունակում ենք իրականացնել ամեն դեպքում։ Վերջին շրջանում շատ են լինում դեպքեր, երբ արդյունք չեն տալիս այդ աշխատանքները»։
Թադևոսյանի խոսքով՝ անհետ կորածների ծնողների կողմից դեռևս բազմաթիվ հայտեր կան, Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը շարունակում է ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմի հետ համաձայնություն ձեռք բերել՝ որոնողական աշխատանքները պարբերաբար իրականացնելու համար, նույնիսկ այն վայրերում, որտեղ տասնյակից ավելի անգամ եղել են։