Մատչելիության հղումներ

«Երեխայիս շունչը բերանին գտեք ու դատեք». Կորած զինվորի մայրը համաձայն չէ վարկածի հետ, թե որդին ինքնակամ լքել է զորամասը


8 ամիս առաջ սահմանային դիրքերից անհետացած շարքային զինծառայողի մայրը համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ, թե որդին ինքնակամ լքել է զորամասը։ Կորած զինվորի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը հարցնում է՝ եթե տղան փախել է զորամասից, ինչո՞ւ իրավապահները ամիսներ շարունակ չեն հայտնաբերում նրան:

«Փախել ա, ո՞ւր փախավ էդ երեխան, փախավ, գտեք, դատեք, ես համաձայն եմ, ես էն ծնողը չեմ, որ ասեմ՝ արել ա՝ չնստացնեք, կամ գնամ խնդրեմ ինչ-որ մեկին, արել ա, թող իր արածի համար պատասխան տա, իմ էրեխին շունչը բերանին տվեք ինձ ու բռնեք, դատեք», - ասաց Աղաբաբյանը:

Մոտ մեկ տարի առաջ Կողբից Վարդենիս՝ բանակ զորակոչված, ապա մայիսի 13-ին Կութի դիրքեր տարված 18-ամյա շարքային զինծառայող Նորիկ Մկրտչյանի անհետանալու գործով մեկ մեղադրյալ կա՝ հենց ինքը։ Զինվորը, որից արդեն ութ ամիս լուր չկա, մեղադրվում է զորամասը լքելու համար։ Այդ օրերին էր, որ ադրբեջանական զինուժը Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ էր եկել։ Կութի դիրքեր տեղափոխված շարքային զինծառայողն անհետացել է հենց ադրբեջանցիների ներխուժման օրերին։

Մայրը բազմիցս է իրավապահներին հավաստիացրել՝ եթե որդին փախչեր, ապա իր հետ անպայման կկապվեր։ Սակայն որդուց որևէ լուր մինչ օրս չունի։ Մոր միակ հարցին՝ ո՞ւր է որդին, իրավապահներն ու զինվորականները պատասխանել են. - «Փախած ա, էսա դուրս կգա, Աստված տա, որ շուտ դուրս գա: Էլի եմ ասում՝ ավելի լավ ա իմ երեխան գտնվի, ինչքան տալիս են գնա նստի, քան էս ձևի բանակում ինքը ծառայի, որովհետև մարդ չկա, որ պատասխանատու լինի: Ես մտել եմ Վարդենիսի զորամաս, ոչ մեկը ոչ մի բան չի ասում, բա դուք ինչի՞ համար եք»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ինչպես ծառայության վայրն ինքնակամ լքելու, այնպես էլ մեկ այլ՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ հոդվածով, որով դեռևս մեղադրյալ չկա։

«Եթե այս ընթացքում ձեռք բերված լինեին այդ անփութությունը որևէ սպայի, վերադասի հետ կապված բավարար ապացուցողական բազա, անպայման ուրեմն քրեական հետապնդում կիրականացվեր: Այսինքն՝ այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ քրեական հետապնդում չունենք, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ քննություն չի կատարվում, այդ ուղղությամբ ևս քննություն կատարվում է: Կրկնում եմ՝ պետք է պարզենք, թե ինչ հանգամանքներում է ծառայողը բացակայել, ինչ հանգամանքներում է թողել ծառայության վայրը, ինչպես է դա տեղի ունեցել, որպեսզի ըստ դրա նաև գնահատականներ տրվի վերադասի գործողություններին», - նշեց Աբրահամյանը:

Իրավապահները շարունակում են որոնողական աշխատանքները, ստուգվել են ինչպես Ադրբեջանում նրա գտնվելու, այնպես էլ Հայաստանի պետական սահմանը հատելու հանգամանքները, ասում է գլխավոր դատախազի խորհրդականը։ Ադրբեջանը չի հաստատել Նորիկ Մկրտչյանի՝ իր տարածքում գտնվելու փաստը, Հայաստանից էլ զինվորը օրինական ճանապարհով դուրս չի եկել։

Իրավապահները, քննելով մի շարք, այդ թվում՝ սպանության վարկածը, դեռևս մեկի վրա են կանգ առել. «Գործում առկա են տվյալներ, որ ինքնակամ լքել է այդ տարածքը, իսկ դրա մասին ընդհանուր վերջնական իրավական գնահատականներ տալը դեռևս վաղ է: Այդ հարցը կլուծվի քրեական գործի հետագա ընթացքից ելնելով: Այսինքն այնպես չի, որ նախաքննական մարմինը գործի նկատմամբ անուշադրություն է դրսևորում: Մենք գործ ունենք զինծառայողի բացակայության հետ, որը պետք է քննվի և լիարժեք բոլորի համար պարզ լինի, թե ինչ է ի վերջո կատարվել»:

Փաստաբանը պնդում է՝ գործում բազմաթիվ հակասություններ կան

Մինչդեռ որդուց ամեն վայրկյան լավ լուրի սպասող մայրն ու նրա պաշտպանությունը օրերս ստանձնած փաստաբանը, հերքելով զորամասը լքելու վարկածը, պնդում են՝ գործում բազմաթիվ հակասություններ կան։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը խոսում է հակասություններից. «Մեկն ասում է՝ ջերմություն է ունեցել, բուժկետում ներարկել են, բուժկետից ասում են, որ չեն ներարկել: Շատ առեղծվածային է այս դեպքը, որը բացահայտման խնդիր ունի, շատ տարօրինակ են վարկածներն ու խոսակցությունները. մեկն ասում է՝ առավոտյան է անհետացել, մյուսն ասում է՝ վրանի մեջ են եղել վեց հոգով, հինգը կան, ինքը չկա»:

Կասկածելի է նաև այն հանգամանքը, որ զինվորի անհետանալուց օրեր անց էլ նրա հեռախոսը ակտիվ է եղել։ Փաստաբանը պատմեց, որ այն գտել են դիրքերից 200 մետր հեռու։

«Կարծում եմ՝ իրավապահները նաև պատշաճ ձևով այդ վարկածը չեն քննում, որովհետև նորից եմ ասում՝ ծնողը պահանջատեր է այս պահին և ծնողի պահանջն արդարացված է: Եթե անգամ տղան կատարել է հակաօրինական որևէ արարք, գտեք և ենթարկեք պատժի: Միգուցե և ենթադրյալ կոծկեք մեկ այլ գործ՝ տվյալ գործը հարուցելով և որպես մեղադրյալ ներգրավելով», - նշեց Վիրաբյանը:

Իրավապահների քննությունից դժգոհ փաստաբանը զինվորի՝ անհետ կորելու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն և Ռազմական ոստիկանություն։ Մայրն ու փաստաբանը մի քանի վարկած են առաջ քաշում՝ խոշտանգումից մինչև սպանություն։ Փաստաբանը պնդում է՝ զինվորը այդ օրերի մարտերին չի մասնակցել, Կարմիր խաչն էլ նրան Ադրբեջանում չի գտել։

XS
SM
MD
LG