Մատչելիության հղումներ

«Ծափահարում էին մեզ, հիմա էլ ոչ ոքի պետք չենք»․ Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցներն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են


Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր առավոտյան բողոքի ցույց էին կազմակերպել։ Վերջին երկու տարում այս բուժհաստատությունում հիմնականում քովիդով հիվանդներն են բուժում ստանում։

«Քանի անգամ են նույն Փաշինյանն ու Թորոսյանը քովիդի ժամանակ եկել ծափահարել մեզ, հիմա էլ ոչ ոքի պետք չենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ այլ աշխատակից էլ փոխանցեց․ - «Եղել է, որ գիշեր-ցերեկ աշխատել եմ՝ առանց ինչ-որ այլևայլության։ Ունեմ նախազինակոչիկային տարիքի բալիկ, որն ապրիլին պետք է գնա ծառայության, ես գտնում եմ, որ ես պետք է դուրս չգամ, ես չեմ նայելու իրենց դիմումին, ես մինչև ամսի 30-ն ունեմ սմեններ, գալու եմ աշխատեմ, ինձ չի հետաքրքրում ոչ մի բան»։

Ավելի քան 25 տարի Նորքի ինֆեկցիոնում աշխատող Հասմիկ Հարությունյանը պատմում է՝ ինչ դժվար պայմաններում են աշխատել քովիդի բռնկումների շրջանում, մի քանի հոգով ավելի քան 30 հիվանդի են միաժամանակ խնամել, բայց իրենց գործը բարեխղճորեն են կատարել։ Նա ասում է՝ այս ամենից հետո ավելի քան 80 աշխատակիցներ, առանց հիմնավոր պատճառի, կարող են աշխատանքից ազատվել։

«Ամսի 30-ին մեզ իրավաբանը մոտենում է, ասում է, որ «դուք հունվարի 15-ից հետո չեք աշխատելու»։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, թե ինչի հիման վրա են ասում», - ասաց ցուցարարներից մեկը։

Ցույցի մասնակիցները պնդում են, որ հիվանդանոցի ղեկավարությունից աշխատանքից ազատման դիմումի անանուն տեքստ են ստացել, հորդորել են ստորագրել, իրենք հրաժարվել են։

«Վիրավորանքն է էստեղ շատ», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Աշխատակիցներն ու հիվանդանոցի ղեկավարությունը իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում

Բողոքող աշխատակիցներն ու հիվանդանոցի ղեկավարությունը ստեղծված իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում. ղեկավարությունն ասում է՝ հիվանդանոցի հին մասնաշենքը պետք է վերանորոգվի, աշխատողների օպտիմալացման անհրաժեշտությունը դրանով է պայմանավորված. փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը պնդեց, թե այժմ որևէ մեկին աշխատանքից ազատելու որոշում չունեն, բայց և ընդունեց՝ իրենք ծանուցել են բողոքող աշխատակիցներին, որ միգուցե հետո այդպիսի որոշում կայացվի։

«Ծանուցվում է, որ հնարավոր է երկու ամիս հետո մարդիկ ազատվեն աշխատանքից, որովհետև էդ շենքում հնարավոր չի ուղղակի էդ ծավալի աշխատակից պահել։ Այս պահին քննարկումներ են տարվում, դրա մասին էլ ենք մտածել․ որ մարդիկ անգործ չմնան, քննարկում է տարվում, որ հիվանդանոցներից մեկում բացվի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ որ էս մարդկանց ինչ-որ մի մաս կամ ամբողջությամբ, դա դեռ հստակ չի, որ տեղափոխվի այնտեղ՝ աշխատանքի։ Այսինքն՝ տարածքային ինֆեկցիոնը տեղափոխվի, մինչև մենք կարողանանք վերակառուցենք», - ասաց Սարգսյանը։

Բողոքող աշխատակիցներին ընդունեց հիվանդանոցի տնօրեն Վարդան Ավագյանը, հանդիպումից հետո ցուցարար բուժքույրերն ու անձակազմի մյուս անդամներն ասացին՝ մինչ այս ամվսա վերջ աշխատելու են, իրենց խոստացել են հետագայում այլ հիվանդանոցում աշխատանքի տեղավորել։

«Քննարկվում է մեր աշխատանքի հարցը, մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի կամ ինչ-որ նոր մասնաշենք են տրամադրելու։ Էսօր պետք է գնան Առողջապահության նախարարություն, որ որոշեն, թե որն է լինելու մեր հետագա անելիքը։ Մենք ոչ մեկս դրսում չենք լինելու, բոլորս աշխատելու ենք։ Համենայն դեպս, մեր տաբելը մինչև ամսի 30-ը գրված է, մենք աշխատելու ենք մինչև վերջ, դրանից հետո ինչ-որ հարցեր, որ լինեն, մենք անպայման ձեզ կներկայացնենք», - ասացին ցուցարարները։

Աշխատակիցներն անգործ չեն մնա․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը ևս վստահեցնում է՝ աշխատակիցներն անգործ չեն մնա։ Գերատեսչությունը այսօրվա ցույցին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց՝ հայտնելով․ -«Փետրվարի 1-ից մեկնարկելու են հիվանդանոցի Բ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։ Դիտարկվում է աշխատակիցներին այլ հաստատություններում տեղավորելու հնարավորությունը,- ասված է գրությունում, թե որտեղ՝ չեն մանրամասնում։

Առողջական գերատեսչությունից «Ազատությանն» այլ մանրամասներ չհայտնեցին։ Իսկ ցուցարար բուժքույրերը վերադարձան աշխատանքի։

XS
SM
MD
LG