Հայաստանում այս պահին քովիդով վարակված ավելի քան 400 մարդ հոսպիտալացման իր հերթին է սպասում, նրանց սպասարկող մոտ երկու տասնյակ հիվանդանոցներում, սակայն, որևէ ազատ մահճակալ չկա: Հիվանդանոցներում և տանը բուժվողների թիվն արդեն անցել է 20 հազարը։
«Շատ-շատ են նաև զանգերը, ինքնուրույն դիմելիությունները հիվանդանոցներ՝ պացիենտների ծանր վիճակով պայմանավորված», - «Ազատությանը» փոխանցեց Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով, «դելտա» շտամով պայմանավորված՝ հիվանդների վիճակը շատ արագ է ծանրանում, օր-օրի աճում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը։ Այս պահին ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր՝ 222 վարակակիր, ևս 89 մարդ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին: Վերակենդանացման բաժանմունքում տարբեր տարիքի հիվանդներ են, այդ թվում՝ երիտասարդներ։
«Երկու օրվա տարբերությամբ կարող է ռենտգենոլոգիական հետազոտությունը կամ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունը կտրուկ փոխել իր վիճակը, և եթե պացիենտը 5-10 տոկոս թոքերի ախտահարումով է լինում, երկու օր հետո կարող է լինել արդեն թոքերի տարածուն 80-90 տոկոս ախտահարում՝ դա «դելտա» շտամի առանձնահատկությունն է, ինքը շատ արագ և կայծակնային է առաջացնում հիվանդների վատացումը: Պացիենտները չդեսատուրացված մեկ ժամվա ընթացքում կարող են խորը դեսատուրացիայի մեջ լինել», - մանրամասնեց «Նորք» ինֆեկցիոնի փոխտնօրենը:
Վերջին ամիսներին վարակի նոր դեպքերի ու մահացության թվերը զգալիորեն աճում են։ Միայն երեկ քովիդը խլել է 41 մարդու կյանք, հիվանդացության 1863 նոր դեպք է հայտնաբերվել։ Առողջապահական համակարգը գերլարված վիճակում է, ասում է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը:
«Ոչ միայն քովիդով պայմանավորված, այլ ընդհանուր առմամբ մենք ունենում ենք աշնանը հիվանդացության աճ, և պատկերացրեք, որ արդեն 1800-1900 մոտ մահճակալ այսօր էլ դեռ ծավալվում են, միանում են քովիդ պացիենտների բուժմանը, բայց մենք չունենք, անվերջ չեն այդ ռեսուրսները՝ դա միայն մահճակալներին չի վերաբերում, դա առաջին հերթին հենց բուժաշխատողներին է վերաբերում։ Եվ մենք ամեն ինչ պիտի անենք՝ հնարավորինս զսպելու այս առաջիկա երկու-երեք շաբաթների[ն] հիվանդության տարածման ընթացքը», - ասաց առողջապահության նախարարը:
Մասնագետներն ընդգծում են՝ անգամ այս պայմաններում հակահամաճարակային կանոնները պատշաճ չեն պահպանվում. տրանսպորտում, փակ տարածքներում դիմակներ կրողների հազվադեպ կարելի է հանդիպել։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստման ցուցանշով շարունակում է մնալ վերջինը տարածաշրջանում։
Մինչև օրս Հայաստանում ավելի քան 580 հազար մարդ է պատվաստվել։ Հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի որոշումը, ըստ որի՝ աշխատող քաղաքացին պետք է 14 օրը մեկ գործատուին կա՛մ պատվաստման հավաստագիրը ներկայացնի, կա՛մ քովիդ թեստի բացասական արդյունքը։ Առողջապահության նախարարն այսօր չբացառեց, որ կանոններն առաջիկայում հնարավոր է խստացվեն, և 14 օրվա փոխարեն գործատուն թեստի պատասխան պահանջի 7 օրը մեկ։
Կորոնավիրուսային իրավիճակի, պատվաստման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու հարցով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել հակահամաճարակային կանոնների խախտումների դեմ պայքարը, նոր թափ հաղորդել պատվաստումների գործընթացի խթանմանը: