Մատչելիության հղումներ

Covid-19. Բուժհաստատությունները խիստ ծանրաբեռնված են, չեն բացառվում նոր սահմանափակումները


Դելտա շտամով պայմանավորված Հայաստանում վարակի նոր դեպքերի ու մահացության թվերն օր օրի աճում են։ Երեկ մահացել է 19, նախորդ օրը` 22 մարդ, իսկ միայն վերջին 15 օրերի ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրների, քովիդը խլել է 218 մարդու կյանք։ Քովիդով հիվանդներին սպասարկող բուժհաստատությունները խիստ ծանրաբեռնված են։ Եվ այս ամենի հետևանքով իշխանությունները չեն բացառում նոր սահմանափակումների կիրառումը։

«Օրինակ՝ երբ անցած տարի մենք ունենում էինք 764 դրական դեպք, ապա հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան թե հիմա է։ Սա ի՞նչ է նշանակում, որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում», - կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դելտա շտամի հետևանքով մեծացել է նաև մանկական դիմելությունը»

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին հիվանդանոցում մեծահասակաների բաժանմունքում ազատ մահճակալ չկա, լինելու պարագայում էլ այն 15 րոպեի ընթացքում զբաղեցվում է։ Ստեփանյանի խոսքով՝ Դելտա շտամի հետևանքով մեծացել է նաև մանկական դիմելությունը։ Բժիշկը վերստին ընդգծեց՝ հիվանդությունն այժմ երիտասարդացել է, հիվանդանոցում բուժվում են երիտասարդներ, որոնց մոտ քովիդը ծանր է ընթանում։

«Եթե սրանից մեկ ամիս առաջ դեպքերը, որոնք ընդունվում էին ջերմությունով, միջին ծանրության դեպքերն էին գերակշռում, հիմա պրակտիկորեն դեպքերի մեծ մասը գալիս է արդեն հիվանդության ծանրությունով` գնահատված որպես ծանր: Բոլոր դեպքերում մենք բոլոր պոլիկլինիկաներով միասին կապի մեջ ենք: Իրավիճակն այսպիսին է բոլոր պոլիկլինիկաներում, և այո, եթե մենք այսօր ունենք արդեն 764 նոր դեպք, բնականաբար և՛ հոսպիտալացումը, և՛ ծանրերը ավելի շատ են լինելու, և՛ դիմելիությունը, և՛ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվը բավականին շատ է լինելու», - ասաց նա:

Վերակենդանացման բաժանմունքներում ազատ է միայն 23 տեղ

Քովիդով հիվանդներին այժմ սպասարկում է 17 հիվանդանոց, որոնցից 5-ը մարզերում։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ` այս պահին 153 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 683-ը՝ ծանր: Քովիդով հիվանդների համար նախատեսված է 2044 մահճակալ, որից ազատ են միայն 172-ը։ Վերակենդանացման բաժանմունքներում ազատ է միայն 23 տեղ:

«Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր որ պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել։ Առջևում աշուն է, մենք գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ նկատվում է հիվանդացության աճ՝ սրտանոթային հիվանդությունների, շատ խրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են։ Բայց եթե մեր` ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մի մեծ մասը շարունակում է սպասարկել քովիդ-19-ով հիվանդներին, պատկերացրեք, որ այլ հիվանդություններով մարդկանց համար դժվար է դառնում բուժօգնություն տրամադրելը», - գործադիրի նիստի ժամանակ ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։

Երեկ կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, հիվանդությունից այժմ բուժվում է 10 հազար 600-ից ավելի մարդ։ Այս թվերը օրըստօրե նկատելիորեն աճում են։ Համաճարակային լարված իրավիճակը կարող է խոչընդոտել տնտեսության ազատ գործունեությանը, կառավարության նիստի ընթացքում իր մտահոգությունը հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Այս թվերը, տեմպը, որ կա, առաջացնում են շատ մեծ մտավախություն, որ եթե էական փոփոխություն հասարակության և բիզնեսի վարքագծում չլինի, ապա հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա այլևս դիմանալ քովիդով հիվանդների ճնշմանը, և ստիպված լինենք որոշակի սահմանափակումների գնալ։

Մենք բազմաթիվ ցուցանիշներով արդեն աշխարհում ամենավատ տեղերում ենք` պատվաստված մարդկանց քանակով և սկսում ենք տարբեր ռեյտինգներում կարմիր զոնաներում ընկնել, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը կարող է թուլանալ, իսկ դա մեր այսօրվա մարտահրավերների պայմաններում հեչ մեզ պետք չի», - ասաց նախարարը։

Առողջապահության նախարարությունը դեռ նախորդ շաբաթ ահազանգեց, որ հիմնականում «դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում: Չի բացառվում, որ Հայաստանի քաղաքացիների համար դեպի այլ երկրներ մուտքի սահմանափակումները խստացվեն։

Հայաստանում այս պահին գործում է փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, որը մեծամասամբ արհամարհվում է, իսկ հոկտեմբերի 1-ից աշխատող չպատվաստված քաղաքացիները պարտավոր են 14 օրը մեկ քովիդի բացասական թեստի արդյունք ներկայացնել գործատուին, որպեսզի կարողանան աշխատանքի ներկայանալ։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG