Խաղաղապահ ուժերի թվաքանակը մոտ 3600 է
ՀԱՊԿ Հավաքական խաղապահ ուժերը արդեն իսկ մեկնել են Ղազախստան, առավոտյան տեղեկացրեց կազմակերպության պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն, խաղաղապահ ուժերի կազմում անդամ վեց պետություններից բոլոր հինգի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ստորաբաժանումներն են ներառված։ Թե քանի հոգի, չի հաղորդվում, նաև տեղակայման ժամկետների մասին մանրամասներ չկան, միայն նշված է՝ «մեկնել են սահմանափակ ժամանակահատվածով»։
Ինչպես ՀԱՊԿ պաշտոնական էջից ենք տեղեկանում, խաղաղապահ ուժերի թվաքանակը մոտ 3600 է՝ շուրջ 3 հազարը զինված ուժերի զինծառայողներ ու ներքին գործերի մարմինների գրեթե 600 ներկայացուցիչներ։
Թե բոլորը միասին, նաև Հայաստանից քանի զինծառայող է մեկնել Ղազախստան և որ ստորաբաժանումներից ու մասնավորապես, ինչ գործառույթներ են իրականացնելու, օրինակ, մասնակցելո՞ւ են ցույցերի ցրմանը, Պաշտպանության նախարարությունից այս պահին չի հաջողվել ճշտել․ նախարարության մամուլի ծառայությունը «Ազատության» հեռախոսազանգերը ողջ օրն անպատասխան է թողնում։
ՀԱՊԿ հաղորդագրությունն էլ այս հարցերը չի հստակեցնում:
Փաշինյանը ևս պնդում է, թե Ղազախստանում ստեղծված իրավիճակը առաջացել է այդ թվում` արտաքին միջամտության արդյունքում
Ղազախստանի նախագահը ռազմական դաշինքի գործընկերներին օգնության կոչով դիմելիս արդեն հինգերորդ օրը շարունակվող բողոքի ցույցերը որակել է արտաքին ագրեսիայի ակտ՝ հայտարարելով` ահաբեկչական խմբավորումները արտերկրում լուրջ պատրաստություն են անցել։ Թե որ երկիրը կամ երկրներն են ագրեսոր, ոչ Տոկաևը, ոչ խաղաղապահներ ուղարկած ՀԱՊԿ երկրների ղեկավարները չեն հստակեցրել: Ռուսաստանից և Բելառուսից, սակայն, հնչել են Արևմուտքին ուղղված մեղադրանքներ։
Ղազախստան զորախումբ մտցնելու հարցով խորհրդակցությունները երկու ժամ էլ չտևեցին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում այժմ նախագահող Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ կեսգիշերից հետո տեղեկացրեց՝ կազմակերպությունը կընդառաջի Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումին։
Գրառմամբ Փաշինյանը ևս պնդել էր, թե Ղազախստանում ստեղծված իրավիճակը առաջացել է այդ թվում` արտաքին միջամտության արդյունքում` առանց մանրամասները հստակեցնելու:
Բուռն քննադատություններ
Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու Փաշինյանի որոշումը բուռն արձագանք առաջացրեց սոցցանցերում: Քննադատները նախ հիշեցնում էին՝ Ղազախստանի նախագահների անթաքույց ադրբեջանամետությունը, նաև ՀԱՊԿ անտարբերությունը Հայաստանի համար կարևոր հարցերում. ՀԱՊԿ-ը չարձագանքեց ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև անցած տարվա մայիսին Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման օրերին, երբ Հայաստանից անգամ պաշտոնական դիմում ստացավ։ Ռազմական կառույցից մշտապես միևնույն՝ ստանդարտ նախադասությունն էր հնչում՝ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին։
«Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին», - գրեց խորհրդարանական նախկին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանի իշխանությունները կարող էին ասել, որ ակնկալում ենք Ղազախստանի դիրքորոշման փոփոխություն». Վարդևանյան
Ղազախստան զորք ուղարկելու` Հայաստանի որոշումը անտրամաբանական է որակում նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, հայտարարում՝ եթե Հայաստանը համաձայն չլիներ, նման որոշում չէր կայացվի, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:
«Հայաստանի իշխանությունները կարող էին ասել, որ ակնկալում ենք Ղազախստանի դիրքորոշման փոփոխություն, ակնկալում ենք Ղազախստանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանք Ղազախստանի իշխանությունների կողմից, և այդ օրակարգով էլ մենք ուղարկում ենք մեր զինված ուժերին: Կարո՞ղ էր այդպես լինել, կարող էր, դա, կարելի է ասել, արտաքին օրակարգին ՀՀ շահերից բխող պարտադիր պայմաններից է, որը ինչպես միշտ մենք չենք տեսնում», - նշեց նա:
Վարդևանյանը նաև Փաշինյանի օրոք սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրված Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից էր դատարանում. «Ղազախստանի նախագահը փաստացի ասել է, որ իշխանությունը պահելու նպատակով դիմում է ՀԱՊԿ-ին, որ վերջիններս օժանդակություն ցուցաբերեն: Հիմա այդ օրակարգով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները մեկնում են Ղազախստան այդ առաքելությամբ:
Այս իշխանությունները, ես ուզում եմ պատկերացնել, այլևս ինչպես են խոսելու սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մասին»:
«Ինչպե՞ս են առաջարկելու առերեսվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ». Մարիա Կարապետյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը քննադատություններին, թե Հայաստանին ՀԱՊԿ-ը չի աջակցել, ուստի աջակցել-չաջակցելու հարց անգամ չպետք է քննարկվեր, պատասխանում է. «Այդ քննադատությունները հնչեցնողներն այն տարբերակի կողմնակից են, որ մենք մաշենք կազմակերպության լեգիտիմությունը կամ շարունակենք այն մաշել, վնաս հասցնել դրա հեղինակությանը և հասունացնենք այն պահը, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և այլ աշխարհաքաղաքական ընտրություն կատարի: Իսկ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից և ինչի՞ն ենք անդամակցում, հաջորդ առաջարկն էլ պետք է հնչ: Իսկ ՆԱՏՕ-ին` արևմտյան աշխարհաքաղաքական բլոկին անդամակցության պարագայում քննադատություն հնչեցնողները պետք է ասեն, թե այդ պարագայում ինչպես են առաջարկելու առերեսվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ»:
«Բռնապետության դեմ ընդվզող ժողովրդի դեմ զորքի կիրառումը հանցագործություն է». Սաքունց
Շուրջ երկու տասնյակ Հ/Կ-ներ այսօր պահանջել են կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորում ուղարկելուց: «Հայաստանի զինված ուժերը չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին, - հայտարարել են նրանք, հավելելով,- Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, ինչը զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին»։
Հայտարարությունը ստորագրել է նաև Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Բռնապետության դեմ ընդվզող ժողովրդի դեմ զորքի կիրառումը հանցագործություն է, որի փաստը մենք ունեցել ենք մեր պատմության մեջ 2008թ. մարտի մեկին, հենց այդ նույն սկզբունքով», - ասում է նա:
Ի տարբերություն ՀԱՊԿ անդամների, որոնք խոսում են դրսից հրահրված բռնությունների ու ահաբեկչական խմբավորումների մասին, Արևմուտքից հորդորում են երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և հարգել մարդկանց հիմնարար իրավունքները, այդ թվում՝ խաղաղ հավաքների ու խոսքի ազատությունը։
Իշխող կուսակցության պատգամավորը «Ազատության» եթերում արձագանքել է նաև քննադատությանը, թե փողոցային պայքարով իշխանության եկած ուժը հիմա զորք է ուղարկում այլ երկիր՝ ժողովրդական ընդվզումը ճնշելու. «Մենք մեր մասով առնվազն մեր արժեքներին պետք է հավատարիմ լինենք և հուսանք, որ մյուս ժողովուրդները ևս կգտնեն ճշգրիտ ճանապարհը իրենց ժողովրդավարությունը կառուցելու կամ այն բարելավելու»:
Ի դեպ, քննադատները չեն մոռացել նաև 2017-ին «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր Փաշինյանի խոսքերը՝ ՀԱՊԿ-ի արդյունավետության, Հայաստանի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ։ Ընդդիմախոսները նկատել են՝ Կրեմլի առաջնորդած դաշինքն ամենաշատը քննադատած մարդը դարձել է ՀԱՊԿ պաշտպան։
«Հենց հարձակումը սկսվում է, պարզվում է, որ չէ, ՀԱՊԿ-ի պայմանագիրը էդ դեպքի համար չի: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը, Ղազախստանն ու Բելառուսը դրա ամենատիպիկ օրինակն են: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք բան, Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք` դա մեզ օգուտ է, թե վնաս, և հետո անվտանգության ոլորտում այլընտրանքներ, այո, պետք է փնտրվի», - ասել էր այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի չի խոսել դրսից հրահրված փորձերի, ահաբեկչական խմբավորումների մասին` հույս հայտնելով, որ կհաջողվի իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով։