Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հետո էլ ճաշին: Նրա այլ ձևաչափով հանդիպումների մասին այս պահին դեռ տեղեկություն չկա:
ԱՊՀ ավանդական, այս ոչ ֆորմալ գագաթնաժողովի հիմնական ինտրիգը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումն է։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց շփում Ալիևի հետ, Հայաստանի վարչապետը չի բացառել։
Ալիևն ու Փաշինյանը 2021-ին չորս անգամ են շփվել։ Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 11-ին Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Երկրորդը, նորից Պուտինի նախաձեռնությամբ, նոյեմբերի 26-ին Սոչիում, նույն եռակողմ ձևաչափով: Նոյեմբերյան հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել մի շարք հարցերի, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ, և որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայանալիք փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստից հետո կհայտարարեն պայմանավորվածությունների դետալների մասին։ Եռակողմ նիստը կայացել էր, սակայն հայտարարություն չէր եղել։
Հետագա երկու շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացել էին եվրոպական հովանու ներքո․ նախ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր կազմակերպել նրանց հանդիպումը, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Բրյուսելից հետո Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են առաջխաղացման մասին, ավելին՝ ակտիվացել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացը, արդեն նշանակվել են բանագնացներ երկու կողմերից, հայտնի է նաև, որ նրանց առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, երբ՝ հայտնի չէ։
Գագաթնաժողովի օրակարգ
Ինչ վերաբերում է ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգին, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե ոչ ֆորմալ գագաթնաժողովը նվիրված կլինի առաջին հերթին միջազգային և տարածաշրջանային արդի թեմաների շուրջ դիրքորոշումների համակարգմանը և անցնող տարվա արդյունքների ամփոփմանը։
Պաշտոնական Մոսկվան վերջերս հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի հետ այս խորը քաղաքական առճակատման հարցում մենակ չէ, այլ գործելու է հետխորհրդային երկրների և ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ իր դաշնակիցների հետ միասին։ Այսինքն՝ ՆԱՏՕ-Ռուսաստան, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը, ամենայն հավանականությամբ, քննարկվելու էր այսօր՝ ոչ պաշտոնական այս հանդիպմանը։
Հետխորհրդային երկրներից և ոչ մեկը, բացառությամբ Բելառուսի նախագահի, ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության կոնտեքստում Ռուսաստանին աջակցելու մասին հայտարարություն չեն արել։ Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոյին Արևմուտքը որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ չի ճանաչում։
Քննարկումները ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում մեծամասամբ անցել են փակ դռների հետևում: Բաց քննարկումները վերաբերում էին կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ընդհանուր ջանքերին: ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները, մասնավորապես, Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ աջակցելու համար՝ շեշտելով, թե հենց Ռուսաստանի տրամադրած մեթոդաբանության և պատվաստանյութերի շնորհիվ է հաջողվում համավարակը վերահսկողության տակ պահել:
Համավարակի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումից հետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այլ հարցերի շուրջ քննարկումը կանցկացնեն փակ ձևաչափով: