Մատչելիության հղումներ

«Երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով գնալու հնարավորություն եմ տեսնում». Փաշինյան


Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո կա հնարավորություն քայլ-քայլ առաջ շարժվելու «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով», այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին ունեցած իր ելույթում։

Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո կա հնարավորություն քայլ-քայլ առաջ շարժվելու «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով», այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին ունեցած իր ելույթում։

Վարչապետը հենց այս համատեքստում և նոր ձևավորվող միջավայրում կարևորել է հատկապես Ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը. - «Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Որովհետև, նախ, քաղաքական հայտարարությունները դեռևս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, և երկրորդը, եթե մենք այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ և շատ ավելի դժվարին: Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո ես տեսնում եմ հնարավորություն, որ մենք կարող ենք քայլ-քայլ առաջ շարժվել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով: Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Բայց առավելևս այս պայմաններում և միջավայրում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կրկնապատկի իր զգոնությունը», - ասել է Փաշինյանը։

Բրյուսելում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երկու հանդիպում ունեցան, ինչից հետո հայտարարվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։

Մինչև այդ Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Հայաստանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին կարտահայտի Ալիևի հետ հանդիպմանը։ Հանդիպումից հետո, սակայն, այդպես էլ շատ մանրամասներ պարզ չդարձան։

Անդրադառնալով Արցախի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարիներ շարունակ մեծ խզում է եղել, թե ինչ է խոսվել դրսում՝ բանացությունների սեղանի շուրջ, և ինչ է ներկայացվել ներսում՝ Հայաստանի հանրությանը. - «Մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով: Մենք ուզում ենք փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում: Մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ»։

Նոր իրողությունների պայմաններում Փաշինյանը կարևորել է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը ու նաև շնորհակալություն հայտնել՝ ընդգծելով, որ ծառայության արդյունավետությունը բարձրացել է, իսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կարողացել է հաղթահարել քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամը առանց իրավիճակը վատթարացնելու. - «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել, ինչը, մի կողմից, աննախադեպ է նման իրավիճակներ տեսած երկրների պատմության համար, և մյուս կողմից՝ արձանագրում է, ընդգծում է մեր մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG