Մատչելիության հղումներ

Երեխաներին սեռական բռնություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է նրանց սեռական կրթություն տալ, վստահ են իրավապաշտպանները


Երեխայի նկատմամբ սեռական բռնության հերթական դեպքից հետո հայաստանյան իրավապաշտպանները վերստին շեշտում են՝ նման հանցագործություններից երեխաներին պաշտպանելու համար անհրաժեշտ է նրանց սեռական կրթություն տալ։

Օրերս Քննչական կոմիտեն հայտնեց, որ 9-ամյա աղջկա նկատմամբ կնքահոր կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպք է բացահայտվել։ 59-ամյա տղամարդը կալանավորվել է։

Իսկ նման դեպքերը հատուկենտ չեն. 2020 թվականին երեխաների նկատմամբ հանցագործությունների պատճառով հարուցված 328 քրգործերից ավելի քան 70-ը հենց այսպիսի հանցանքներին են վերաբերել, դրանց թվում երեխաներին բռնաբարելու դեպքեր են եղել։

Իրավապաշտպանները համոզված են՝ այսպիսի դեպքերը կանխարգելելու համար երեխաները պետք է իրենց անձնական տարածքի պաշտպանության մասին վաղ տարիքից իմանան։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանի կարծիքով, սակայն, հանրությունը այդ տարրական գիտելիքների անհրաժեշտությունը չի կարևորում. «Սեռական դաստիարակությունը միանշանակ միակ տարբերակն է երեխային կանխարգելելու, պաշտպանելու սեռական բռնությունից»:

2019-ին Աղաբեկյանի հեղինակած սեռական բռնությունից պաշտպանվելու մասին «Իմ մարմինն անձնական է» գրքույկը շատերի կողմից սվիններով ընդունվեց. պնդում էին, թե այն այլասերվածություն է քարոզում և ուղղված է ավանդական հայկական ընտանիքի դեմ։ Հեղինակի խոսքով՝ հայ հասարակության համար սեռականության վերաբերյալ հարցերը դեռ շարունակում են տաբու մնալ, և այսպիսի բուռն արձագանքի պատճառներից մեկը հենց սա էր։

Աղաբեկյանն ասում է՝ մարդիկ սեռական դաստիարակությունը սխալ են հասկանում. «Երբ մենք խոսում ենք սեռական դաստիարակության մասին, միանշանակ մեզ մոտ ամեն ինչ տարվում է սեռական հարաբերությունների, կողմնորոշման ուղղությամբ, բայց պարզ է, որ երեխայի սեռական դաստիարակության մասին խոսելիս մենք չենք խոսում սեռական հարաբերությունների կամ …. մի փոքր ինձ թվում է` դա է վախեցնում շատերին, այդ թվում նաև ծնողներին:

Խոսքը շատ տարրական գիտելիքների մասին է, ինչպիսիք են, օրինակ, իր մարմինը, մարմնի կառուցվածքը, մարմնի հետ կատարվող փոփոխությունները, այո, հպումները ցանկալի և անցանկալի, ով կարող է, ով` չէ, որ տարիքում»:

Իրավապաշտպանն ընդգծում է՝ այս բոլոր հարցերով առաջին հերթին իշխանությունները պետք է զբաղվեն։ Անցած տարի Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան, որը նույնպես շատերի կողմից ավանդական ընտանիքի դեմ քայլ ընկալվեց։

Միջազգային այս փաստաթուղթը երեխաներին սեքսուալ բնույթի հանցանքներից պաշտպանելու գործիք է և ստորագրվել է գրեթե հինգ տասնյակ պետությունների կողմից։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ ինտերնետի լայն հասանելիության պայմաններում սեռական կրթությունն էլ ավելի է կարևորվում, եթե նախկինում ծնողները կարող էին հետևողական լինել, սահմանափակել երեխայի շփումները, ապա այժմ դա շատ ավելի բարդ է։

Հովհաննիսյանն ընդգծում է՝ փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ հաճախ չեն էլ հասկանում, ընկալում այսպիսի գործողությունների էությունը, ուստի անհրաժեշտ է բացատրել, որ նման դեպքերում մեծահասկաներին ահազանգեն. «Երբ խոսում ենք սեռական դաստիարակության մասին, դա ամենևին նրան չի վերաբերում, որ երեխային տարիքից շուտ սեռական ակտի մասին պատմել կամ պատմել, թե ինչպես է տեղի ունենում, բոլոր մանրամասները, այլ այն է, թե ինչպես սահմանազատել երեխայի մարմինը և անձնական, անհատական տարածքը, որտեղ զգացող, զգացված ցանկացած ազդակային դրսևորում երեխան կանխազգա և ահազանգի դրա մասին»:

Դպրոցներում այժմ սեռական կրթության վերաբերյալ հարցերը ներառված են «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում, այժմ այն անցնում են միայն բարձր դասարանների աշակերտները: Մշակված նոր չափորոշիչներով, սակայն, նախատեսվում է առարկան դասավանել 5-րդ դասարանից սկսած:

Դասընթացի թեմաներից են սեռերի փոխհարաբերությունները, գենդերային հավասարությունը, բռնության կանխարգելումը և այլն։ Դասաժամեր կհատկացվեն նաև սեռական և վերարտադրողական առողջության հարցերին։ Նոր չափորոշիչներն այժմ փորձարկվում են Տավուշի մարզում, դրանք մշակած «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանն ասում է՝ ցածր դասարաններում սովորողների համար բուն սեռական կրթություն չեն նախատեսում։ Փոքրերին, օրինակ կսովորեցնեն, որ անծանոթ մարդու կողմից անհասկանալի վարք նկատելու դեպքում պետք է ծնողներին դիմել։ Իսկ սեռական կրթության մասին կխոսեն դեռահասության տարիքից:

«Երբ մենք այդ բոլորի մասին ընդհանրական խոսում ենք, արդեն պետք չի շատ մասնավորեցնել այդ տարիքի երեխաներին, թե այ որ կպավ այս ինչ տեղին կամ այն ինչ տեղին, առհասարակ եթե այդ մարդը քեզ անծանոթ է, հուսալի չի, կամ իր հետ դու քեզ հարմարավետ չես զգում, ինչ-որ բան քեզ դուր չի գալիս, ապա այդ մասին տեղեկացնել ծնողին», - նշեց Լուսինե Ալեքսանյանը:

Նախատեսվում է, որ նոր չափորոշիչները բոլոր դպրոցներում կգործեն 2023 թվականից, «Առողջ ապրելակերպ» առարկան կդասավանդեն այն ուսուցիչները, որոնք պատրաստ կլինեն խոսել այս թեմաներից՝ անկախ իրենց մասնագիտացումից։ Ուսուցիչներին դպրոցները կընտրեն։

XS
SM
MD
LG