Երեխային տեսակցելու եկած հայրը Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնից տարել է մանկահասակ երեխային և չի վերադարձնում։ Արդեն 11 օր է` մայրը՝ Սոնան, երեխայի գտնվելու վայրի և որպիսության մասին որևէ լուր չունի. «Երեխաս 2 տարեկան 4 ամսական է, երեխան այս պահին հոր մոտ է, հայրը թմրամոլ է»:
Քննչական կոմիտեի կայքում «երեխայի սպանություն» բանալի բառերով որոնում կատարելիս հարուցված քրեական բազմաթիվ գործերի ենք հանդիպում։ Ամեն տարի աշխարհում գրեթե 1 միլիարդ երեխա ենթարկվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության՝ ստանում է վնասվածքներ, հաշմանդամություն է ձեռք բերում կամ մահանում է։ Հայաստանում էլ վիճակագրությունը հուսադրող չէ։ 2019 թվականի առաջին կիսամյակում, օրինակ, ըստ Քննչական կոմիտեում քննված գործերի, տարբեր հանցագործությունների զոհ է դարձել 193 անչափահաս:
«Ցավոք սրտի, Խաշթառակը կրկնվում է։ Խաշթառակի դեպքը դարձավ կլասիկ օրինակ, թե ինչի կարող է հանգեցնել մարդկային անտարբերությունը, համակարգի անարդյունավետ աշխատանքը», - ասում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։
Խաշթառակի հայտնի դեպքից, երբ 6-ամյա երեխան մահացավ ծեծի և թունավորման հետևանքով, իսկ նրա 6 մանկահասակ քույրերն ու եղբայրները, ծեծի ու էկզոգեն թունավորման հետևանքով նախ հիվանդանոց, ապա մանկատուն տեղափոխվեցին, դեռ կես տարի էլ չի անցել, ու հերթական ահասարսուռ դեպքը գրանցվեց Նոր Խարբերդ համայնքում։ 2 տարին չբոլորած երեխան, ըստ իրավապահների, մահացել էր մոր, խորթ հոր ու տատի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։
Ալվարդ Կարապետյանը, որ արդեն երկար տարիներ է սոցիալական աշխատանքով է զբաղվում, աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ անմարդկային դեպքերի է հանդիպել՝ բռնության ենթարկված ամենափոքր երեխան էլ 2 ամսական է եղել. «Ծանր դեպքերը շատ-շատ են եղել, դա եղել է մարզից, Երևանից և այլն, ոստիկանության, հիվանդանոցներից ուղղորդված: Եղել է դեպք, որ կնոջը 3 անչափահաս երեխայի հետ փակել էր տնակում, բենզինը լցրել էր, ուզել էր հրդեհեր»։
Տիկին Ալվարդը «Կանանց աջակցման» կենտրոնում է աշխատում, որտեղ գործող թեժ գծին ամսական 200 զանգ է ստացվում։ Կենտրոնում գրանցված բազմաթիվ շահառուներ կան, և մեծ մասի դեպքում նաև երեխաներն են դառնում բռնության զոհ։ Կենտրոնում գրանցված կանանց հետ կապի մեջ են լինում այնքան հաճախ, որքան հնարավոր է։ Օրինակ, եթե կինը արդեն բաժանվել է բռնարար ամուսնուց, կարող են օրվա մեջ մի քանի անգամ խոսել նրա հետ: Իրավիճակը բարդանում է, երբ կինը և երեխան շարունակում են ապրել բռնարարի ընտանիքում։
«Եթե բռնարարի մոտ են, մենք չենք կարողանում կապնվել, բայց տեսուչի հետ է մեր կապը: Երբ բռնության դեպք է գրանցվել, պրոֆիլակտիկ 1 տարի հաճախում են, և ինֆորմացիան մենք իմանում ենք տեսուչից: Կարող են ամիսը 1 անգամ այցելել, դա էլ է դեպքի դժվարությունից, բարդությունից կախված», - ասում է սոցիալական աշխատողը։
Բռնարարի ընտանիքից, երբ անգամ երեխայի կյանքին ակնհայտ վտանգ է սպառնում, ո՛չ ոստիկանին, ո՛չ էլ սոցիալական աշխատողին իրավունք վերապահված չէ երեխային դուրս հանել։ Այստեղ բարդ ու ժամանակատար ընթացակարգ է սահմանված՝ պետք է հրավիրել խնամակալության հանձնաժողովի նիստ, որը կկայացնի որոշում և կհանձնարարի երեխային դուրս բերել ընտանիքից, իսկ ինչպես դառը փորձն է ցույց տալիս, բռնարարի ընտանիքում ապրող երեխայի համար ամեն վարկյանը կարող է վերջինը լինել։
Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը հարց է բարձրացնում` էլ քանի՞ դեպք պետք է լինի հասկանալու համար, որ հանձնաժողովներով հարցը չի լուծվելու. «Պետք է պատրոնաժ ծառայություն լինի, պետք է փող ծախսենք այդտեղ, մենք պիտի մեկին ապսպրենք, որ այ քո գործը պատրոնաժային խնամքն է, ու պետք է որոշենք` դա այդ գյուղի սպասարկող բուժքույրն է, որ պետք է ամեն օր մտնի այդ երեխայի մոտ, դուրս գա, դա այդ գյուղի կցված, ամրագրված սոցիալական աշխատո՞ղն է, գյուղապե՞տն է, թե՞ վերջապես բժիշկն է, չգիտեմ, ոստիկանն է: Մինև այսօր մենք ասում ենք անընդհատ, բոլորը պատասխանատու, Երեխաների պաշտպանության բաժինը, սոցիալական ծառայությունների, այսպես ասած, դեպք վարողները»։
Երբ բոլորը պատասխանատու են, նշանակում է` ոչ մեկը պատասխանատու չէ։ Սրանում Միրա Անտոնյանը տարիների փորձով է համոզվել։ Համակարգային խնդրի լուծման համար, ըստ նրա, պետք է ստեղծել հանձնաժողով, որը կախում չի ունենա համայնքից, և որում ներգրավված կլինի կոնկրետ ընտանիքին կցված մասնագետը և երեխաների պաշտպանությամբ զբաղվող այլ մասնագետներ, իսկ որոշումը կկայացվի մասնագիտական կոնսիլիումի հիման վրա. «Մեզ մոտ գիտե՞ք` ինչպես է, մեզ մոտ մասնագետն է չարչարվում, կառույցն է չարչարվում` ապացուցելու բոլոր մնացած կառույցներին, որ այսինչ ծնողը իր երեխայի հանդեպ վտանգավոր վարքագիծ է ցուցաբերում, իսկ գուցե համակարգը փոխե՞նք, և փոխանակ մենք գնանք ապացուցենք, կամ մասնագետն ապացուցի, որ այս ծնողը իր վարքագծով վնասում է սեփական երեխային, այլ մայրը ապացուցի, ծնողը թող գնա դատարանում ապացուցի, որ ինքը շատ լավ ծնող է, իր երեխային հետ պահանջի»։
Բարդ ընթացակարգերի առաջացրած խնդիրների ամենացայտուն օրինակը սկզբում հիշատակված Սոնայի դեպքն է։ Արդեն 11 օր երեխայից լուր չունեցող կինը սպասում է, թե երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը պատասխանատու է դատարանով հաստատված տեսակցություններն ապահովելու հարցում, կվերադարձնի իր երեխային։ Տեսակցությունը ԴԱՀԿ-ում չի կայացել, հայրը երեխային տարել է իր հետ, իսկ ԴԱՀԿ աշխատողի փոխարեն մայրն է նրանց հետևից գնացել. «Ինձ նենց են ծեծել էդ օրը, ես չորեքթաթ փախել եմ իրենց տնից: ԴԱՀԿ-ն պատասխանում ա, ես կատարողական թերթիկը վերցնում, գնում եմ, ինքը հրաժարվում ա երեխային վերադարձնել։ Դատարանի որոշումը կա, որ երեխային հանձնեն մորը: Նա չի կատարում»։
Սոնան ԴԱՀԿ-ից պատասխան է ստացել, որ գործի ընթացքի վերաբերյալ միայն պետը կարող է մանրամասներ ներկայացնել, ով արձակուրդում է։ Մինչ այդ 2 ու կես տարեկան երեխան կմնա մորից հեռու, կնոջ խոսքով՝ թմրամոլ հոր մոտ՝ անհայտ պայմաններում։