Մարզերից մեկում սեռական բռնության հետևանքով հղիացած 13-ամյա աղջկա գործը մոտ մեկ շաբաթից կուղարկվի դատարան։
Գենետիկական փորձաքննությունը ցույց էին տվել, որ անչափահաս աղջկա նորածնի հայրը հենց անչափահաս աղջկա հայրն է։
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Մհերյանը տեղեկացրեց, որ մեկ այլ փորձաքննությամբ էլ պարզ է դարձել, որ հայրն իրոք հոգեկան խնդիր ունի, բայց գիտակցել է, թե ինչ է անում հարազատ դստեր հետ․ - «Անձի մոտ առկա հոգեկան հիվանդությունը՝ օլիգոֆրենիա և չափավոր դեբիլություն, չի ուղեկցվել հոգեախտաբանական այնպիսի ախտանիշներով, որը կզրկեր վերջինիս գիտակցելու իր գործողությունները և ղեկավարել դրանք։ Վերջինս համարվում է սահմանափակ մեղսունակ»։
Հայրը կալանավորված է, իրեն մեղավոր է ճանաչել։ Իսկ անչափահաս աղջնակը քրոջ ու մոր հետ գյուղերից մեկում հերթական խոնավ նկուղն են վարձակալել։ Ընտանիքը որևէ աջակցություն չի ստանում։ Սեռական բռնության ենթարկված աղջիկը հաշմանդամության թոշակ էր ստանում, հիմա դա էլ չկա։
Ենթադրյալ բռնարար հայրը հնարավոր է մինչև 12 տարվա ազատազրկման դատապարտվի։ Իսկ ո՞վ կօգնի անչափահաս զոհին, որն իր երեխային մանկատանն է թողել։
Մեկ այլ մարզում մեկ այլ պատմություն է։ Ըստ նախնական տեղեկության, եղբայրն է պարբերաբար բռնություն գործադրել անչափահաս քրոջ հանդեպ։
«Քննություն է գնում։ Այո, կան բավական փաստարկներ։ Դեռ ապացուցման կարիք կա, պրոցես է գնում, բայց այն, որ երեխան պատմում է շատ անցանկալի դրվագների մասին, դա փաստ է», - ասում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն, փորձագետ Միրա Անտոնյանը։
Այս երեխան, բարեբախտաբար, ՀՕՖ-ի կենտրոնում է, մասնագետներն աշխատում են նրա հետ։
Միրա Անտոնյանը նկատում է, որ սեռական բռնությունը երեխաների համար ամենածանր հետևանքն ունի՝ սկսած մտավոր կանգառից․ - «Ծանր հետևանքը այդ բռնության այն է, որ երեխաները ժամանակից շուտ սկսում են իրենք փնտրել կապեր։ Կախված նրանից, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել՝ գայթակղությամբ թե ստիպողաբար։ Եթե ստիպողաբար, ապա երեխան կարող է ընդհանրապես հետագայում երբևէ ամուսնանալ չցանկանալ, ընդհանրապես հարաբերություններ ունենալ չցանկանալ։ Իսկ եթե դա գայթակղելով է և այլն, կարող է շատ վաղ առաջացնել անտեղի, տարիքին ոչ համապատասխան հետաքրքրություն»։
Հետևանքների առումով հազվագյուտ երեխա է փրկվում, այսինքն՝ վերականգնվում բռնությունից հետո, ասում է Ատոնյանը՝ կարևորելով սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության կոնվենցիայի վավերացումը բռնության կանխարգելման տեսանկյունից։
Նրա խոսքով, սկսել պետք է նրբանկատ ու գրագետ իրազեկումից․ - «Մենք պիտի գտնենք ձևերը, մոտեցումները, որով, առանց երեխաների մոտ այդ ավելորդ հետաքրքրությունը առաջացնելու, պաշտպանության մեխանիզմներ սովորցնենք։ Երբ որ ինչ-որ ձյաձյա կանչում ա պատի հետևը, երեխան իմանա, որ օտար մարդու հետ առանձնանալը արդեն վտանգ է։ Եվ վերջապես, քո մարմինը քո տարածքն է, որևէ մեկը, անծանոթ մեկը իրավունք չունի քեզ շոյել, սիրել և այլն։ Այս բաները պետք է սովորեցնել երեխաներին»։
Երեխաների աջակցության կենտրոնում այսօր խնամվող երեխաների 60 տոկոսը սեռական բռնության կամ ոտնձգության է ենթարկվել։
Անտոնյանի դիտարկմամբ, ավելի հաճախ բռնարարները երեխաների վստահելիների շրջանակից են․ - «Եթե նայեմ կոնկրետ մեզ մոտ եկած վիճակագրությամբ, ապա, հավատացեք, անծանոթների կողմից ոտնձգությունների դեպքերի թիվը ավելի փոքր է, քան մերձավորների, հարազատների, ինցեստի դեպքերը»։
Փորձագետն ասում է, որ շատ կցանկանար այսօր կոնվենցիային դեմ արտահայտվողների շարքում լինել, չհավատալ, որ ամենասարսափելի բռնության այս տեսակը գոյություն ունի։ Բայց շուրջը աղմկող երեխաներ են, աղմկոտ փաստեր․ - «Պետք է նայել իրականությանը։ Փաստը կա, փաստի հետ պետք է սովորել աշխատել, ոչ թե փաստը մերժել»։
2018-ին երեխայի նկատմամբ սեռական բռնության 76 գործ է քննվել։ 2019-ի առաջին կիսամյակում՝ 51 գործ։ Միրա Անտոնյանը վստահ է, որ սա ամբողջական վիճակագրությունը չէ, սոսկ այն է, ինչ հայտնի է դարձել։