Մատչելիության հղումներ

Իրավապահներն ուսումնասիրում են Վանաձորի նախկին համայնքապետի հայտարարությունները իր համակիրներին հետապնդելու մասին


Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

Իրավապահներն ուսումնասիրում են Վանաձորի նախկին համայնքապետ, առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությունների իսկությունը, թե իշխանությունները հետապնդում և ճնշումների են ենթարկում իր համակիրներին։

Իրավապահներն ուսումնասիրում են Վանաձորի նախկին համայնքապետ, առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությունների իսկությունը, թե իշխանությունները հետապնդում և ճնշումների են ենթարկում իր համակիրներին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից։

Մամիկոն Ասլանյանը երեկ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ կոնկրետ անուններ էր տվել ու նշել, որ նախընտրական շրջանում նրանց աշխատանքից ազատել են զուտ քաղաքական դրդապատճառներով. - «Քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են նրա մասին, որ դուք մարդկանց անհիմն աշխատանքից ազատում եք զուտ նրա համար, որ, ասենք, ինձ բարևել են, իմ հետ շփվել են»։

Մինչդեռ ուղիղ եթերում նրան հակադարձելով՝ Լոռու մարզպետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը բացառեց, որ այստեղ քաղաքական հիմք կա և ասաց, թե նշված անձինք թերացել են իրենց գործում։ Մասնավորապես նշել էր, թե Լոռու մարզային արյան փոխներարկման կայանում անառողջ մթնոլորտ էր տիրում, ինչի ականատեսն է եղել բազմիցս։ Նաև Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինն է ստուգումներ է իրականացրել արյան փոխներարկման մարզային կայանում և լուրջ խախտումներ գտել։ Նաև վերջին ամիսներին մարզպետարանը պարբերաբար բողոքներ է ստացել փոխներարկման կայանի գրեթե երկու տարվա տնօրենի վերաբերյալ։

«Բազմաթիվ բողոքներ կան, պարոն Ասլանյան։ Ես հուսով եմ, որ մենք ձեզ հետ անկեղծ կլինենք և կներկայացնենք... Փաստն արձանագրում ենք, բայց չենք խորանում խնդիրների մեջ և մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք կա։ Բազմաթիվ բողոքներ կան, ցանկացած վանաձորցի կարող է գնալ արյունաբանական կենտրոն, կոլեկտիվի հետ խոսել, և կպարզի, թե ինչու ենք մենք կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից», - հակադարձեց մարզպետը։

Արյան փոխներարկման մարզային կայանի նախկին տնօրենն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե տեսչական մարմնի ստուգումները դեռ ընթացքի մեջ են եղել, երբ իրեն ազատել են աշխատանքից։ Պնդեց, թե իրեն զուտ քաղաքական պատճառներով են ազատել իր եղբոր անունը Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի նախընտական ցուցակում տեսնելու հաջորդ օրը՝ չհերքելով սակայն, որ մինչ այդ իր ենթականերից բողոքներ հասել են վերևներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանին։ Մասնավորապես կայանի աշխատակիցներն իրավունք չեն ունեցել ընդմիջման ժամին լքել աշխատավայրը։ Սա իր սահմանած կանոնն է եղել՝ պայմանավորված համավարակով։

Միևնույնն է, նախկին տնօրենը պնդում է, թե տեսչական մարմնի խախտումներն էական չեն եղել, իսկ իրենից բողոքողները միայն իր մրցակիցներն էին. - «Մարզպետարանում առկա է ընդամենը երեք հոգուց դիմում, երեք հոգուց՝ նախկին տնօրենից, նախկին տնօրենի թեկնածուից, որը երկրորդ փուլից դուրս մնաց քննություններից, և ներկայիս տնօրենից, որը բոլոր ջանքերը ներ էր դնում, որպեսզի ձերբազատվեն ինձանից։ Իմ ազատումը եղել է եղբորս նախընտրական ցուցակներում ընդգրկվելու հաջորդ օրը»։

Մյուս դեպքը, որ իրավապահներն ուսումնասիրության առարկա են դարձրել, Վանաձորի թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Նոնա Բադալյանին աշխատանքից հեռացնելու փաստն է։ Մամիկոն Ասլանյանը սա ևս կապեց նախընտրական գործընթացների հետ։ Ինքը՝ ազատված տնօրենը հրաժարվեց հարցազրույցից։ Ասաց՝ հուզական վիճակում չի կարող խոսել, բայց «Ազատությանը» պատմեց, որ դեռ երկու տարի առաջ մեկնարկած ծրագրով Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսավորմամբ թիվ 7 մանկապարտեզի նոր շենք է կառուցվելու։ Օրերս ներդրողներն այցելել են մանկապարտեզ դիտարկելու տարածքը, որտեղ կառուցվելու է շենքը։ Մանկապարտեզ է այցելել նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ նրան համայնքապետի պաշտոնում փոխարինած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վանիկ Օհանյանը տեղյակ չի եղել այցելության մասին։

Երեկ Լոռու մարզպետը «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերում անընդունելի էր համարել սա։

Օրերս «Ազատությունն» անդրադարձել էր նաև Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրենին աշխատանքից ազատելու փաստին։ Մարզպետը դա կապում էր քաղաքացիներից ստացված բազմաթիվ դժգոհությունների հետ, իսկ նախկին տնօրենը պնդում էր, թե իր ենթակայի սոցիալական ցանցում դրված լայքն է ճակատագրական եղել իր համար։

Վերջին շրջանում աշխատանքից ազատված երեք տնօրեններն էլ «Ազատությանն» ասացին, թե ամենայն հավանականությամբ դատի կտան՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին պաշտոններում։

XS
SM
MD
LG