Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը կիրակի օրը «Միլիեթում» հրապարակված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան Ուկրաինային «Բայրաքթար» դրոններ է մատակարարում գործարքի պահանջների գրաֆիկին համապատասխան, և որ նոր առաքումները որևէ կապ չունեն Ռուսաստանի առարկությունների հետ։ Նա ընդգծել է` Ուկրաինային «Բայրաքթարների» նոր խմբաքանակի վաճառքը կապ չունի ռուս-ուկրաինական լարվածության հետ։
«Մենք Ուկրաինային շատ դրոններ ենք վաճառել։ Այնպես չէ, որ հիմա դրոններ ենք վաճառում, երբ լարվածություն կա Ռուսաստանի հետ։ Դա գործընթաց է։ Փաթեթային համաձայնագրեր կան, որոնք ի սկզբանե քննարկվել են, և դա որևէ կապ չունի վերջին զարգացումների հետ»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր այդ խնդրին։
Դեկտեմբերի 3-ին կայացած այդ հեռախոսազրույցի մասին Կրեմլը հաղորդել էր․ «Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Կիևը շարունակում է ապակառուցողական գիծը՝ ուղղված Մինսկի համաձայնությունների խաթարմանը։ Այդ մասին է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառումը։ Ընդգծվել է անհրաժեշտությունը, որպեսզի Կիևը հրաժարվի Դոնբասի վրա ուժային ազդեցության ցանկացած փորձերից», - նշված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունում։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Մոսկվայում ասել է, թե կոչնչացնեն թուրքական «Բայրաքթարները», եթե Կիևը փորձի դրանց միջոցով հարվածել Դոնբասին։
«Առայժմ դրանք գտնվում են անվտանգ հեռավորության վրա, բայց ցանկացած հնարավորության դեպքում «Բայրաքթարները» կոչնչացվեն»,- ասել է նա Մոսկվայում բնակող հայրենակիցների հետ երեկ կայացած հանդիպմանը։ Նրա խոսքով` Դոնեցկի հակաօդային պաշտպանության համակարգն արդիականացնելու ներուժ ունի` թուրքական «Բայրաքթարներին» դիմակայելու համար։
«Ուկրաինայի կողմից «Բայրաքթարների» գնումների ֆոնին` մենք իրավունք չունենք տեղում կանգնած մնալ ու չարձագանքել։ Ուսումնասիրում ենք` որտեղից ինչ կարելի է գնել» - ասել է նա ռուսական «Ինտերֆաքսին»։
Նա նշել է, որ մինչ հիմա հարվածային «Բայրքաթարի» կիրառման մեկ փաստ է արձանագրվել, միաժամանակ ասելով, թե հետախուզական նպատակներով Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքի վրա թռիչքները պարբերաբար իրականացնում են, չնայած Մինսկի համաձայնագրերով թույլատրվում են միայն ԵԱՀԿ դիտորդների դրոնների թռիչքները։
Կիևը դեռ երկու տարի առաջ գնել ու փորձարկել էր թուրքական «Բայրաքթար» հարվածային դրոնները։ Այս տարվա աշնանը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ հոկտեմբերի 26-ին «Բայրաքթարը» Դոնբասում առաջին անգամ կիրառվել է ռուսամետ անջատականների դեմ։ Հրապարակված տեսանյութը ցույց էր տալիս, թե ինչպես է նշանառության տակ վերցվում և ոչնչացվում հրետանային մեկ մարտկոց։
Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները՝ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկն անցած շաբաթավերջին են ժամանել Մոսկվա։ Այցի ընթացքում նրանք անդամակցել են Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։ Կուսակցական տոմսերը նրանց հանձնել է «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևը։