Մյանմայի (նախկին Բիրմա) ընդդիմության ղեկավար, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Ջին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ սադրիչ ելույթների և հակահամաճարակային կանոնները խախտելու մեղադրանքներով։
Աուն Սան Սու Ջին ձերբակալվել էր փետրվարին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո։
Մինչև զինված ուժերի կողմից իշխանության զավթումը Սան Սու Ջին զբաղեցնում էր Մյանմայի Պետական խորհրդականի (վարչապետի) պաշտոնը։ Բանակը իշխանության ողջ պատասխանատվությունը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետո, որոնցում համոզիչ հաղթանակ էր արձանագրել Աուն Սան Սու Ջիի ղեկավարած «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը։ Բանակային հրամանատարության պնդմամբ, սակայն, խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել էին համատարած կեղծիքներով։