Մատչելիության հղումներ

Տեղամասերի հանձնաժողովների անդամների խոսքով` մասնակցության ցածր ցուցանիշ է նկատվում


Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքում՝ Արթիկում, Ախուրյանում, Ամասիայում և Աշոցքում են այսօր անցկացվում տեղական ընտրությունները:

Արթիկում ամենաթեժն է. 6 քաղաքական ուժ է պայքարում միավորվող 23 համայնքի համայնքապետի պաշտոնի համար՝ «Միասնական Արթիկ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր», Հայ յեղափոխական դաշնակցություն, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունները։

Արթիկում կեսօրից հետո տեղամասերում մասնակցության ցածր ցուցանիշ էր արձանագրվել: Արթիկի 33/3 տեղամասում «Ազատության» նկարահանման պահին փոքր-ինչ ակտիվություն նկատվեց, բայց հանձնաժողովի նախագահ Արփիկ Երիցյանը, համեմատելով ցուցակում ընդգրկված ընտրողների թիվն ու գրանցված մասնակցությունը, ասաց` պասիվ են. «Այս պահի դրությամբ մասնակցել է 395 մասնակից, տեղամասի ընտրողների թիվը 1574 է»:

Տեղամասում վստահված անձինք ասացին` խախտումներ չեն արձանագրել: Ընտրողներն էլ նշեցին` իրենց քաղաքացիական պարտքն են կատարում ու նոր համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքապետից նույնիսկ թոշակի բարձրացում ակնկալում. «Օրինակ` քաղաքը սիրունանա, ամեն ինչ տեղը լինի, թոշակները շատացնեն գոնե, կարանան իրենք խոսք հասկացնեն վերևներին»:

Արթիկի մեկ այլ` 33/7 տեղամասում «Ազատությունը» նկատեց, որ ընտրողները խմբով են գալիս: Ասացին հարևաններով ու բարեկամներով են հավաքվել, եկել ընտրության:

Այս տեղամասի հանձնաժողովի նախագահ Արտյոմ Ղազարյանը եվս դժգոհեց ցածր մասնակցությունից. «Փաստացի օրվա կեսն անցել է, և մասնակցությունը ցածր ցուցանիշ է»:

Այս տեղամասում կրկնակի քվեարկության խախտում է արձանագրվել: Հանձնաժողովի նախագահի խոսքով` կրկնակի քվեարկությունը սխալմունքի հետևանքով է արձանագրվել, ամեն դեպքում ասում է` դիմել են իրավապահներին:

Ընտություններից հետո խոշորացվող Արթիկն արդեն 54 հազար բնակիչ կունենա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG