Մատչելիության հղումներ

Ըստ «Անկախ դիտորդի»` 4 ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը պակաս է եղել ընտրողների թվից


«Անկախ դիտորդ»-ը դիտորդական առաքելություն է իրականացնում 36 համայնքներում համամասնական ընտրակարգով այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Մինչև կեսօր դիտորդները նկատել են, որ 168 տեղամասային կենտրոններից 9-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 10-20 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և դրա հետևանքով քվորում չլինելու պատճառով։

Դիտարկված կենտրոններից 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, իսկ 15-ի դեպքում՝ 2-րդ հարկում:

Տեղամասերից 8-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ չեն բաշխվել, մեկ դեպքում վիճակահանությունն իրականացվել է միայն մեկ հերթափոխի համար, մեկ այլ դեպքում՝ վիճակահանությունն իրականացվել է նախորդ օրը:

7 տեղամասերում քվեախցիկները տեղադրված են եղել պատից 1 մետրից պակաս հեռավորության վրա կամ քվեախցիկների հետևում եղել է բաց տարածք, որից հնարավոր է բացահայտել ընտրողի քվեարկությունը, իսկ 4 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 5 տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք, ասված է առաքելության հաղորդագրության մեջ:

Դիտարկված տեղամասերից միայն 15-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք:

Ըստ «Անկախ դիտորդի»` 4 ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը պակաս է եղել ընտրողների թվից: Քվեաթերթիկը քվեասենյակից դուրս բերելու դեպք արձանագրվել է 2 ընտրատեղամասերում:

XS
SM
MD
LG