Մատչելիության հղումներ

Մետրոյի նոր կայարանի նախագծի ու կառուցման համար անհրաժեշտ են տասնյակ միլիոն դոլարներ ու մի քանի տարի


Երևանի մետրոպոլիտենի նոր՝ Աջափնյակի կայարանի նախագծի համար շուրջ 4 միլիոն դոլար է անհրաժեշտ, կառուցման համար՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ, հայտնում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Նախագծման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 18 ամսվա ընթացքում` ֆինանսավորման պահից սկսած», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Կարապետյանի փոխանցմամբ՝ կայարանի նախագծման աշխատանքներից հետո մրցույթ կանցկացվի, հետո կսկսվի բուն շինարարությունը: Խոսնակը, սակայն, շեշտում է՝ սա երկարատև գործընթաց է. «Սա արագ գործընթաց չէ, սա բավական ժամանակ պահանջող գործընթաց է, և ամեն ինչ լավ լինելու պարագայում մի քանի տարի կտևի ամեն դեպքում»:

Աջափնյակում՝ «Թումո» կենտրոնի մոտ նոր կայարանի նախագծման մրցույթը հաղթել է ռուսական խոշոր «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որը մետրոպոլիտենի նախագծման աշխատանքներ է արել և՛ Ռուսաստանում, և՛ հետխորհրդային այլ երկրներում։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնին օրերս ընդունել էր քաղաքապետ Հայկ Մարությանը, որը նշել էր, թե նախագիծը պետք է ֆինանսավորվի 6 ամսվա ընթացքում: «Մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքային բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները կլինի հաղթահարել, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար», - ասել էր Հայկ Մարությանը:

Քաղաքապետարանի հրապարակած էսքիզների համաձայն՝ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է կառուցել Հալաբյան - Աբելյան խաչմերուկի մերձակայքում, գնացքների համար անհրաժեշտ է նաև Հրազդանի կիրճի վրայով կամուրջ կառուցել։ Աջափնյակում նոր կայարան կառուցելու աշխատանքները խորհրդային տարիներին էին սկսվել, Բարեկամությունից Աջափնյակ տանող թունելները դեռ այն ժամանակ են փորվել, բայց գործընթացը ավարտին չէր հասցվել։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը այդ տարիներին մասնակցել է մետրոյի շինարարական աշխատանքներին, Մետրոպոլիտենում 15 տարվա աշխատանքային ստաժ ունի: Նա ասում է՝ տարիներ առաջ արված հաշվարկներով մետրոյի նոր՝ յուրաքանչյուր մեկ կիլոմետրի համար 100-ից 150 միլիոն դոլար է պահանջվելու. «Մոտավորապես մեկ կիլոմետր թունելը` իր գծերով, կոմունիկացիաներով, պլյուս վրայի գծերը, սպասարահը և այլն, միասին մոտ 100-150 մլիլոն դոլարի կարգի են հաշվարկել»:

Ռուսական ընկերությունը Հայաստանի կառավարությունը նաև ողջ մետրոպոլիտենի զարգացման ու արդիականացման 500 միլիոն դոլարի ծրագիր է ներկայացրել, քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ծրագրին պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսական գործակալությունը։

Մետրոպոլիտենի շինարարական աշխատանքներին մասնակցած Կարեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ այդ գումարով հնարավոր կլինի 3 նոր կայարան կառուցել, ընդգծում է՝ առաջարկվող վարկի պայմանները պետք է շահավետ լինեն. «Մեզ մոտ այնքան խնդիրներ կան, տեսնենք, թե ինչ պայմաններով է այդ պայմանը տրվում: Եթե այնպես պայմաններ լինեն, որ հետո մեր երկիրը ծանր իրավիճակում հայտնվի, դա, իհարկե, իրատեսական չի և նպատակահարմար չի»:

Չիլինագարյանն ընդգծում է՝ ֆինանսավորում ստանալուց հետո էլ կառուցման համար երկար տարիներ են պետք, խնդիր է նաև տեղացի մասնագետների պակասը:

500 միլիոն դոլար գնահատված ռուսական կողմի առաջարկի շուրջ բանակցություններ է վարում Էկոնոմիկայի նախարարությունը, հստակություն, սակայն, առայժմ չկա։ Գերատեսչությունից «Ազատությանը» խոստացել են ավելի ուշ մանրամասներ ներկայացնել։

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումներից էր։ 2018-ին այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, թե այդ ծրագրի համար գումար կգտնեն։ Մարությանի պաշտոնավարումը կավարտվի 2023 թվականի աշնանը:

XS
SM
MD
LG