Մատչելիության հղումներ

Եթե 2 տարի անց միակ բանը, որ կարող ենք արձանագրել, «Գազելների» ձեռքբերումն է, դա գույների խտացում չէ. Խաժակյան


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման 2 տարվա վերաբերյալ «Ազատության» հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». – Ընդհանուր ի՞նչ գնահատական կտայիք, պարոն Խաժակյան: Պարզ է` քննադատում եք, բայց արդյոք ձախողում կանվանեիք անցած 2 տարիները:

Դավիթ Խաժակյան. – Իհարկե, ամեն ինչ կախված է, թե դեռևս ինչ ակնկալիքներ են մնացել տրված խոստումներից, կամ ինչ է դրանցից արվել, կամ ինչ ընթացք կա աշխատանքների մասով: Տրանսպորտն է այսօր շատերին շատ հուզում, մտահոգում, ես կարծում եմ, որ այստեղ ունենք կայացած ձախողում, որը երկարաժամկետ է: Այս մասով առանձնապես շատ բան չեմ տեսնում: 2 տարվա ընթացքում, կարող ենք արձանագրել, որ աղբի խնդիր, օրինակ, չկա, և դա արվում է բավականաչափ մեծ գումարներ ծախսելով` անհամեմատ ավելի մեծ, քան նախկինում էր ծախսվում, բայց ինչևէ այդ մասով գոնե ունենք խնդիրը կարգավորված: Եվ շատ ու շատ, բազմաթիվ ծրագրային դրույթներ, որոնք խոստացվել են այս իշխանությունների կողմից, որոնք ոչ միայն չեն իրականացվել, նաև դեռ ընթացքը չկա, կամ իրատեսական ընթացք չկա:

«Ազատություն». – Դե լավ, այսպես ասենք հեղափոխական չէիք անվանի:

Դավիթ Խաժակյան. – Ես կարծում եմ` որևէ մեկը հեղափոխական չէր անվանի, միայն մեկ-մեկ ասում են, որ գիտեք` կոռուցպիա չկա և այլն, ես այդտեղ վերապահումով եմ մոտենում` հաշվի առնելով, որ վերջին մի ամսվա մեջ քանի դեպք եղավ, որ իրավապահները բացահայտեցին կոռուպցիոն դեպքեր: Դրանք ընդամենը մանր դրվագներ են, իրականում ծավալն ավելի մեծ է: Հիմա, բնականաբար, համակարգային չէ, այնպես, ինչպես կարելի էր ժամանակին պատկերացնել, բայց ես դա չէի համարի հեղափոխական փոփոխություն, որովհետև վատ բանն ուղղակի պետք չէ անել, լավ բանը պետք է հմտություններ ունենալ, որ ստացվի անել:

«Ազատություն». – Այնուամենայնիվ, պարոն Խաժակյան, եթե իրավապահները բացահայտում են, Դուք էլ ընդունում եք, որ վերևից չէ կոռուպցիոն համակարգը, արդյոք դա հեղափոխություն չէ: Հիշեք` ինչ ծավալների մասին էր խոսվում Տարոն Մարգարյանի օրոք:

Դավիթ Խաժակյան. – Ծավալները, իհարկե, այն պատկերացումները, որոնք կան ժողովրդի մեջ, անհամեմատելի են, բայց օրինակ` եթե մենք խոսենք այդ` գույք շինթույլտվությունների դիմաց գործարքներից, ես համոզված եմ, որ հենց մարդկանց մոտ զգացողություն եղավ, որ իրավապահները կքննեն այդ գործերը, հատ-հատ այն ներդրողները, ումից որ պահանջվել է, գալու են և ապացույցներ ներկայացնեն, որ իրենցից պահանջել են, որ այդ գույքը տրվի, և դա, կարծում եմ, կոնկրետ կոռուպցիոն դեպք է, այլ բան է` դա գնացել է իրենց տուն, չի գնացել: Իհարկե, դրա վերաբերյալ վերապահումներ կան: Բայց կոռուպցիան հանուն քաղաքի, թե հանուն սեփական գրպանի չի դադարում լինել կոռուպցիա, այսինքն` ես կարծում եմ` մեր բոլորիո պայքարը եղել է, ոչ թե որ կոռուպցիան իր դրսևորումները փոխի, այլ ընդհանրապես չլինի:

«Ազատություն». – Երբ Մարությանի համակիրներն ասում են, որ Դուք շատ եք ուռճացնում ամեն ինչ, հատկապես, երբ Տարոն Մարգարյանի, Հանրապետականի հետ եք համեմատում, համաձա՞ն եք, որ Դուք խտացնում եք գույներն այս առումով, որովհետև անհամեմատելի է:

Դավիթ Խաժակյան. – Գիտեք` Տարոն Մարգարյանի հետ ավելի շատ իրենք են համեմատում, որովհետև աշխատանքի ծավալները երբ գնահատում ենք, իրենք ասում են` աննախադեպ բան է տեղի ունեցել` քաղաքը ձեռք է բերում 100 նոր միկրոավտոբուս, «Գազել» կլինի, թե այլ կլինի, երբ ոլորտից հասկացող մարդիկ դա լսում են, ծիծաղում են, որովհետև դա աննախադեպ է, բայց աննախադեպ վատ բան է, որովհետև դա մշտապես եղել է մասնավոր ներդրման խնդիր, և երբ համայնքն իր միջոցները վատնում է միկրոավտոբուսի վրա, նշանակում է` իր առջև դրված խնդիրը չի լուծել: Ուստի, ես կարծում եմ, որ գույները չեմ խտացնում: Տրանսպորտի մասով եթե 2 տարի անց միակ բանը, որ մենք կարող ենք արձանագրել, 100 «Գազելների» ձեռքբերումն է, ես կարծում եմ` դա գույների խտացում չէ: Մետրոյի մասով ինչ ուզում են, անեն, քանի հատ, 10 հատ թող նախագիծ կազմեն, եթե բուն ներդրման հարցի շուրջ չեն աշխատում, և լուծում չկա, գույներն ուռճացված չեն: Երբ ես ասում եմ, որ Մեշչյանի պաշտոնավարման ժամանակահատվածում որևէ քաղաքաշինական նորմի վրա մեկ քար չի դրվել, որ այդ նորմերը կարգավորվեն, չեմ ուռճացնում, որովհետև տառ անգամ այդ նորմերի մեջ չի փոխվել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG