Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, այս տարի կավարտվեն մետրոպոլիտենի նոր կայարանի և Կենտրոնից դեպի Նոր-Նորք ճոպանուղու նախագծման աշխատանքները, իսկ շինարարությունները կմեկնարկեն 2020-ին։
«Էդպիսի քաղաք չկա աշխարհում, որ մետրոպոլիտենները կառուցվում են ոչ թե բյուջեով, այլ կառուցապատողների միջոցով, հիմա մենք փորձում ենք այդ քայլը կատարել, և ոնց որ թե մեզ մոտ կստացվի։ Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև հունվար, կավարտենք նախագծման աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները։ Կսկսենք կամուրջից, կամուրջն ավարտելուց հետո կամուրջի վրա կտեղավորվի կայարանը, և հետագայում՝ ամբողջ ինֆրաստրուկտուրան, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամուրջից դեպի Բարեկամություն կայարան։ Իսկ մյուս ծրագիրը ճոպանուղին է։ Կապը լինելու է 2-րդ Մասիվից դեպի հանրակացարանների տարածքը՝ նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի, կարծում ենք, որ էդ ծրագրի միջոցով մենք բավականին պրոբլեմներ կլուծենք, գոնե էդ մի գծի մեջ։ Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի», - ասաց Մեսչյանը։
Դեռ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, այժմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսում էր մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցման ծրագրի մասին։ «Նախատեսվում է «Թումո»-ի կայարանը, որի 30 տոկոսը Սովետական Միության ժամանակ արվել է», - մանրամասնել էր Մարությանը: